Իշխանությունները պետք է մի քանի սցենար ունենան, թե ինչպիսին է լինելու աշխարհը կորոնավիրուսից հետո: Այս մասին տնտեսական լրագրողների խմբի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Մեկնաբանելով բազմամիլիարդանոց ծրագրերի եւ նոր սեգմենտների մասին խոսակցությունները՝ նախկին նախագահը նկատեց, որ, միգուցե, կան մարդիկ, ովքեր հավատում են դրան, սակայն ինքը չի կարծում, թե տնտեսական առումով գիտակից մարդը կարող է դրան հավատալ: Նրա խոսքով՝ տնտեսությունը փրկելու հարցով ծրագրի քննարկման համար կարելի է կլոր սեղան կազմակերպել, առավել եւս, որ առանձին տնտեսագետներ եւ որոշ կուսակցություններ, այդ թվում՝ ՀՅԴ-ն, ունեն կոնկրետ առաջարկներ:
Անորոշությունները շատ են: «Այսօր խոսում են հետկորոնավիրուսային աշխարհի մասին: Ես չգիտեմ՝ ինչ է դա: Ենթադրում եմ 2-3 սցենար: Դրանցից մեկը՝ պարզապես կմոռանանք, թե ինչ է եղել եւ կանցնենք նախկին կյանքին, սա այն դեպքում, երբ արդյունավետ պատվաստանյութ լինի եւ խնդիրը լուծվի: Սակայն կարող է լինել նաեւ հակառակը. մի կորոնավիրուսը կարող է փոխարինել մյուսին: Կարծում եմ, որ պետք է ծրագիր, այլ ոչ թե նստել սպասել, թե երբ խնդիրը կթակի դուռը: Իհարկե, դրա համար մեծ էներգիա եւ ռեսուրսներ են պետք: Հեռատեսությունը պետության գործառույթներից է»,-հայտարարեց Քոչարյանը՝ հավելելով, որ 30 միլիարդանոց ծրագրերի մասին խոսակցությունները սկսվում են այն դեպքում, երբ մարդիկ չգիտեն՝ ինչ անեն: Կա նաեւ այլ մոտեցում՝ ժողովրդին հույս տալը՝ եզրափակեց Քոչարյանը:





























