ՆԱՏՕ-ն Միջերկրական ծովի արեւելքում պատահական բախումներից խուսափելու միջոցներ է փնտրում՝ աջակցելով էներգապաշարների հարցում լարվածությունը մեղմելու Գերմանիայի դիվանագիտական ջանքերին, ասել է Դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը:
Նա Reuters գործակալությանը հայտնել է, որ ՆԱՏՕ-ն դիտարկում է, այսպես կոչված, հակամարտության կարգավորմանն ուղղված միջոցառումները` առավել ծանրաբեռնված տարածաշրջանում ծովային միջադեպերը կանխելու համար:
«Ես նաեւ ուսումնասիրում եմ ՆԱՏՕ-ի կողմից միջադեպերի կանխարգելման, հակամարտությունների լուծման մի շարք մեխանիզմներ»,- ասել է Սթոլթենբերգը՝ Եվրամիության պաշտպանության նախարարների հետ հանդիպումից հետո տված հարցազրույցում: «Այն փաստը, որ այդքան շատ նավ, այդքան շատ ռազմական հնարավորություններ կան սահմանափակ տարածքում ինքնին մտահոգության տեղիք է տալիս»,- ասել է նա։
Սթոլթենբերգը հայտարարել է, որ հարկ է սատարել Աթենքում եւ Անկարայում Գերմանիայի արտգործնախարար Խայկո Մաասի հանդիպումները, ինչը Հունաստանին եւ Թուրքիային թույլ կտա նվազեցնել լարվածությունը: «Հիմա ես կարեւոր եմ համարում աջակցել երկխոսության հարթակ ստեղծելու Գերմանիայի ջանքերին՝ ՆԱՏՕ-ի երկու դաշնակիցների՝ Թուրքիայի եւ Հունաստանի միջեւ բանակցությունների համար»,- նշել է նա։





























