Ընտանիքի, ավանդույթների, եկեղեցու պաշտպանության հարցերով քննարկումները պետք է անցկացվեն ոչ թե նպատակահարմարության, այլ ամրագրված օրենքների եւ պետության պարտավորությունների մակարդակով: Այս մասին այսօր՝ օգոստոսի 28-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Ազգային արժեքների պաշտպանություն» նախաձեռնության անդամ, ՀՀ արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանը:
Նրա խոսքով՝ նախ պետությունը պետք է քայլեր ձեռնարկի այդ ուղղությամբ, որից հետո պետք է հնչեն հասարակության գնահատականները: «Ստորագրահավաքը թույլ կտա պարզաբանել բնակչության դիրքորոշումը, իսկ առաջին իսկ անհրաժեշտության դեպքում մենք հանրաքվե կնախաձեռնենք»,-հավելեց Դանիելյանը:
Նա քննադատեց այն տարածված թեզը, թե բոլոր պետություններն ընդունում եւ վավերացնում են կոնվենցիաներ, որոնց մասին շատ է խոսվում, ինչը, նրա խոսքով, չի համապատասխանում իրականությանը, քանի որ դրանցից հրաժարվում են նույնիսկ եվրոպական երկրները: «Իսկ երկրները, որոնք դրանք ընդունում են, ընդունում են՝ հաշվի առնելով իրենց իրողությունները: Ինչ վերաբերում է եկեղեցուն, ապա շատ երկրներում այն պետական կարգավիճակ ունի: Մեզ համար այդ ինստիտուտն էական նշանակություն ունի: Հայ առաքելական եկեղեցու գործունեությունը որոշակի աստիճանով կարող է մեղմել այդ բացասական պրոցեսը: Ինչ վերաբերում է միասեռական հարաբերություններին, ապա եթե դուք դրանց ընտանիքի կարգավիճակ եք տալիս, ուրեմն դա կնշանակի խտրական վերաբերմունք նրանց հանդեպ, ովքեր, օրինակ, միասին են ապրում, սակայն սեռական հարաբերություններ չունեն: Գրեթե անհնար է նրանց միջեւ չափորոշիչներ մտցնել եւ հասկանալ, թե ինչու է մի խմբին հավելյալ իրավունքներ պետք, իսկ մյուսին՝ ոչ»,-ընդգծեց նախկին նախարարը:




























