Ֆրանսիան, միջամտելով Թուրքիայի եւ Հունաստանի հակամարտությանը, իմպերիալիզմ է ցուցաբերում, որը չի համապատասխանում միջազգային ներկայիս իրավիճակին: Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Համի Աքսոյը հայտարարություն է արել այն բանից հետո, երբ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը արտահայտվել է տեղի ունեցողի կապակցությամբ, գրում է ՏԱՍՍ-ը:
Դիվանագետը դիմել է եվրոպացիներին, ովքեր, նրա կարծիքով, չեն տեսնում իրական իրավիճակը. նա շեշտել է, որ Արեւելյան Միջերկրածովում հակամարտությունները պետք է լուծվեն միայն ափամերձ երկրների ջանքերով:
«Քարտեզների վրա գծեր նկարելու նրանց իմպերիալիստական մտածելակերպի դարաշրջանն անցյալում է: Թուրքիան ի վիճակի է զսպել յուրաքանչյուրին, ով փորձում է յուրացնել իր օրինական իրավունքներն ու շահերը`«արմադա» ուղարկելով»,- մեջբերում է գործակալությունը նրա խոսքերը:
Այս դիտողությունը պատասխան էր Մակրոնի հայտարարությանը. վերջինս օգոստոսի 28-ին պատմել էր «կարմիր գծերի քաղաքականության» մասին, որին հետեւում է Փարիզը` մասնակցելով հույն-թուրքական հակամարտությանը:
Օգոստոսի 15-ին հայտնի դարձավ, որ Հունաստանի տարածքային ջրերում թուրքական սուզանավ է հայտնաբերվել: Ֆրանսիան երկու օր առաջ ռազմական տեխնիկա էր ուղարկել Միջերկրական ծով` հունական կողմին աջակցելու համար:
Այս ամսվա սկզբին հաղորդվում էր, որ Հունաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները կրկին սրվել են: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Աթենքը չի հարգում Անկարայի հետ համաձայնագիրը եւ չի դադարեցնում օպերացիաներն Արեւելյան Միջերկրածովում: Նրա խոսքով` Հունաստանը, հակառակ համաձայնագրերին, վերսկսել է հորատման աշխատանքները:





























