Գերմանիայի արտգործնախարար Հեյկո Մասը ուժեղացնում է ճնշումը Ռուսաստանի վրա` Ռուսաստանի ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնիի ենթադրյալ թունավորման հետ կապված: «Մենք ակնկալում ենք, որ Ռուսաստանն ավելի ակտիվ օգնություն կցուցաբերի Նավալնու գործի քննության հարցում»,- ասել է նա Փարիզում եվրոպական դեսպանների խորհրդաժողովում ունեցած ելույթի ժամանակ, փոխանցում է DW-ն:

Մասը արձանագրել է, որ ներկայումս «սեւ ամպեր» են կուտակվել Եվրամիության եւ Ռուսաստանի հարաբերությունների վրա: Նա նշել է, որ Ռուսաստանի դեմ 2015 թվականի մարտին սահմանված պատժամիջոցներն ուժի մեջ կմնան, քանի դեռ «դրանց պատճառ դարձած հիմքերը չեն փոփոխվել»:

Միեւնույն ժամանակ, Հեյկո Մասը խոստովանել է, որ Եվրամիությունը Մոսկվայի հետ կառուցողական հարաբերությունների հաստատման կարիք ունի: «Առանց Ռուսաստանի կամ դրա դեմ Եվրոպան ավելի անվտանգ չի դառնա. աա Եվրոպայի կողիմց քաջ գիտակցված իրական քաղաքականությունն է»,- պարզաբանել է նա:

Գերմանիայի արտգործնախարարը դեմ է արտահայտվել Գերմանիայի եւ Ֆրանսիայի միանձնյա գործողություններին Եվրոպայում եւ հորդորել է ավելի ուշադիր լսել եվրոպական այլ երկրների կարծիքները` որպես օրինակ նշելով Ռուսաստանի հետ հարաբերությունները: «Իհարկե, Մոսկվայի տեսլականը Վարշավայից կամ Տալինից նույնը չէ, ինչ` Լիսաբոնից կամ Հռոմից»,- ասել է Հեյկո Մասը` գոհունակություն հայտնելով, որ տվյալ թեման քննարկվել է անցյալ շաբաթ Բեռլինում կայացած եվրոպական երկրների արտգործնախարարների հանդիպման ժամանակ: