ՀՀ ԱԳՆ-ը «Խելացի քաղաք» նախագծի մասին ոչ մի տեղեկություն չունի: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 2-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն է հայտնվել այն մասին, որ «Ադկարս» գործակալության ղեկավար Սարգիս Ղեւոնդյանը հայտարարել է օգոստոսի 6-ին Չինաստանի տեխնոլոգիաների ակադեմիայի եւ Չինաստանի տեխնոլոգիաների եւ գիտության զարգացման կազմակերպության հետ Հայաստանում 15 տարվա ընթացքում «Խելացի քաղաք» ստեղծելու վերաբերյալ համաձայնագիր կնքելու մասին: Նախագծի արժեքը 10-15 մլրդ դոլար է:
Փաստացի նախագծի մասին ԱԳՆ-ը իմացել է ԶԼՄ-ներից: Աննա Նաղդալյանը նշեց, որ ո՛չ ԱԳՆ-ը, ո՛չ չինացի գործընկերները այդ առումով տեղեկություն չունեն: «Նման բյուջեով նախագծի իրականացումը հավանաբար ներառված կլիներ կոմպետենտ մարմինների բանակցություններում, սակայն նման բան չկա»,-նշեց նա:





























