Մեքսիկայի Կոնգրեսի ստորին պալատը չորեքշաբթի հաստատել է պետության ղեկավարի անձեռնմխելիության վերացումը: Համապատասխան նախաձեռնությանն աջակցել է պատգամավորների ճնշող մեծամասնությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«420 կողմ ձայնով, դեմ հանդես եկածների բացակայությամբ եւ 15 ձեռնպահ մնացածների հարաբերակցությամբ լիագումար նիստը հաստատեց Սահմանադրության 108 եւ 111 համարների հոդվածների փոփոխությունը,- նշվում է Պատգամավորների պալատի` Twitter-ում տեղադրած հաղորդագրության մեջ:- Նախագիծն ուղարկվում է Մեքսիկայի Սենատ»: Երկրի հիմնարար օրենքի բարեփոխումը թույլ կտա պետության ղեկավարին դատել կոռուպցիայի եւ մի շարք ծանր եւ հատկապես ծանր հանցագործությունների համար, այլ ոչ թե` միայն դավաճանության համար, ինչպես ներկայումս է:
Երկրի ղեկավարի դատական անձեռնմխելիության վերացումը գործող նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորի նախընտրական խոստումներից մեկն էր: Նա երկրի նախագահի պաշտոնը ստանձնել է 2018-ի դեկտեմբերի 1-ին` վեց տարի ժամկետով:





























