Ավելի քան 30 ամերիկացի կոնգրեսականներ ներկայացրել են Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիան դատապարտող  եւ այս հակամարտությանը Թուրքիայի միջամտությունը քննադատող երկկուսակցական բանաձեւ։

Բանաձեւը ներկայացրել են կոնգրեսականներ Ջեքի Սփեյերը, Ադամ Շիֆը (Կալիֆոռնիա նահանգ), Ֆրենկ Փալոնեն, Գաս Բիլիրակիսը եւ եւս 32 օրենսդիրներ։

Բանաձեւը Ադրբեջանին դատապարտում է ռազմական գործողությունների հրահրման համար։ Կոնգրեսականները կոչ են արել՝ դատապարտել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին «ավելի ու ավելի ագրեսիվ հռետորաբանության եւ ապակայունացնող գործողությունների» պատճառով եւ մեջբերում են արել The Guardian-ի տեղեկություններն այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի վրա Բաքվի հարձակումը կարող է լինել «կազմակերպված ռազմական գործողության մասը»։

Օրենսդիրների բանաձեւը համահունչ է երկու կողմերին հղած միջազգային հանրության կոչերին հրադադարը պահպանելու եւ Մինսկի խմբի շրջանակում բանակցություններին վերադառնալու մասին։

Նրանք նաեւ դատապարտում են ռազմական գործողություններին Թուրքիայի միջամտությունը։

Ստորեւ ներկայացնում ենք բանաձեւի ամբողջական տեքստը․

«Հաշվի առնելով, որ սկսած 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը մասնակցում է Լեռնային Ղարաբաղի շփման գծում ամենանշանակալի ռազմական գործողությունում 1994 թվականին Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հրադադարի համաձայնագիրը ստորագրելու պահից ի վեր;

Հաշվի առնելով որ այդ հարձակումը հաջորդում է Ադրբեջանի նախագահ Ալհամ Ալիեւի կառավարության կողմից Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի նկատմամբ ավելի ու ավելի ագրեսիվ հռետորությանն ու ապակայունացվող գործողություններին՝ ներառյալ 2020 թվականի հուլիսին Պաշտպանության նախարարության սպառնալիքը Հայաստանում Մեծամորի ատոմային էլեկտրակայանը պայթեցնելու վերաբերյալ;

Հաշվի առնելով, որ Ադրբեջանի կողմից շարունակական ռազմական հարձակումները, որոնք ներառում են Լեռնային Ղարաբաղի ամենախիտ բնակեցված բնակավայրը՝ 55 200 բնակչություն ունեցող Ստեփանակերտի ուղղությամբ հրաձգությունը, հանգեցրել է առնվազն տասնյակ խաղաղ բնակիչների սպանության եւ հարյուրավոր վիրավորների, իսկ 2020 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ խաղաղ բնակիչների նկատմամբ սպառնալիքը շարունակվում է;

Հաշվի առնելով, որ 2020 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ հակամարտությունը հանգեցրել է Լեռնային Ղարաբաղի առնվազն 84 զինծառայողի մահվան, եւ Հայաստանն ու Ադրբեջանը հայտարարել է ռազմական դրություն, մոբիլիզացրել են իր ռազմական ուժերը եւ կոչ արել պահեստազորին;

Հաշվի առնելով, որ The Guardian-ը հաղորդում է, որ Ադրբեջանի ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում կարող են լինել նախապես պլանավորված գործողության մի մաս;

Հաշվի առնելով, որ հակամարտությունը հաջորդել է համատեղ զորավարժություններին, որոնք անցկացվել են Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից 2020 թվականի օգոստոսին;

Հաշվի առնելով, որ համաձայն բազմաթիվ խոստումների՝ Washington Post-ը, Reuters-ն ու The Guardian-ը նախքան Ադրբեջանի եւ Թուրքիայի ռազմական գործողությունները հավաքագրել են վարձկանների Սիրիայից եւ 2020 թվականի սեպտեմբերի 29-ի դրությամբ աջակցել դեպի Ադրբեջանի նրանց տեղափոխմանը;

Հաշվի առնելով , որ BBC-ն, New York Times-ն ու Washington Post-ը հաղորդել են Հայաստանի ԱԳՆ հայտարարության մասին, որ Թուրքիան օգտագործել է F-16 կործանիչներ, եւ 2020 թվականի սեպտեմբերի 29-ին Թուրքիան խոցել է Սու-25 հայկական կործանիչը Հայաստանի օդային տարածքում, ինչի հետեւանքով զոհվել է օդաչուն;

Հաշվի առնելով, որ հակամարտությունը կարող է վերաճել տարածաշրջանային գերտերությունների՝ ներառյալ Թուրքիայի միջեւ պատերազմի, եւ էլ ավելի խորացնել հակամարտությունն ու սպառնալ տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը;

Հաշվի առնելով, որ Միացյալ Նահանգները Ֆանսիայի եւ Ռուսաստանի հետ Մինսկի խմբի համանախագահն է, իսկ համանախագահները հրադադարի կոչ են արել եւ կողմերին հորդորել հնարավորինս արագ վերադառնալ առարկայական բանակցություններին;

Հաշվի առնելով, որ Եվրամիությունը եւ Միացյալ ազգերի կազմակերպությունը աջակցում են խաղաղ կարգավորմանը եւ կրակի անհապաղ դադարեցմանը;

Ներկայացուցիչների պալատը

1) Դատապարտում է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի շարունակվող ագրեսիվ ռազմական գործողությունները եւ հրադադարի համաձայնագրի խախտումները;

2) Դատապարտում է հակամարտությանը Թուրքիայի մասնակցությունը եւ նախագահ Թայիփ Էրդողանի օրոք դրա էսկալացիան;

3) Աջակցում է Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ շփման գծի երկայնքով հրադադարի մասին համաձայնագրին անհապաղ վերադառնալուն եւ խաղաղ լուծմանը, որը պաշտպանում է բոլոր կողմերի մարդու իրավունքները, եւ միանում է մյուս երկրներին, որոնք աջակցում են նույն նպատակներին;

4) Հաստատում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին ԱՄՆ աջակցությունը Ադրբեջանից հասնելու Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի դեմ հարձակողական ռազմական գործողությունների դադարեցման եւ շփման գծի երկայնքով երրորդ կողմի անկախ դիտորդների ընդունման շուրջ Ադրբեջանի համաձայնությանը։