ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակը վերահաստատել է իր խորը մտահոգությունը ղարաբաղյան հակամարտության գոտում շփման գծի երկայնքով շարունակվող ռազմական գործողությունների կապակցությամբ: Այս մասին հայտարարել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:

«Նրանք կոչ են անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները: Մեր մարդասիրական գործընկերները հայտնել են, որ մարտերը շարունակում են հանգեցնել խաղաղ բնակիչների մահվան եւ վիրավորումների, ինչպես նաեւ քաղաքացիական գույքի եւ ենթակառուցվածքների վնասների: Հաղորդվում է, որ մինչ օրս ռազմական գործողությունների վերջին շրջանի սկզբից ի վեր, երկու կողմերից զոհվել է ավելի քան 40 խաղաղ բնակիչ, ավելի քան 200-ը վիրավորվել են: Հարյուրավոր տներ լուրջ վնասվել են:

Մենք բոլոր կողմերին կոչ ենք անում հարգել մարդու իրավունքների միջազգային իրավունքը եւ միջազգային հումանիտար իրավունքը, մասնավորապես` ապահովելով քաղաքացիական անձանց պաշտպանությունը եւ կանխարգելելով քաղաքացիական կենսական ենթակառուցվածքների վնասները»,- ասել է նա: