ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայում քննարկել են Միջերկրական ծովի արեւելքում ածխաջրածնային ռեսուրսների շուրջ Թուրքիայի եւ Հունաստանի միջեւ տարաձայնությունները լուծելու ջանքերը:

Դռնփակ ռեժիմով կայացած հանդիպմանը մասնակցել են նաեւ Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն, պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը եւ ՆԱՏՕ-ի դեսպան Բասաթ Օզթուրքը:

«Մենք քննարկեցինք ՆԱՏՕ-ի կողմից մշակված ռազմական հակամարտությունների լուծման մեխանիզմը Միջերկրական ծովի արեւելյան մասի համար»,- գրել է Ստոլտենբերգը Twitter- ում: «Ես հուսով եմ, որ սա կարող է տարածք ստեղծել դիվանագիտական ջանքերի համար»:

Ստոլտենբերգը բարձր է գնահատել Թուրքիայի ներդրումը ՆԱՏՕ-ի առաքելություններում, այդ թվում՝ Աֆղանստանում, Իրաքում եւ Կոսովոյում, ինչպես նաեւ համավարակի ընթացքում այլ դաշնակիցներին եւ գործընկերներին աջակցելը: Նա նաեւ ընդգծել է ՆԱՏՕ-ի ամուր նվիրվածությունը Թուրքիայի անվտանգությանը:

Քննարկվել է նաեւ իրավիճակը Լիբիայում եւ Սիրիայում, Լեռնային Ղարաբաղում եւ դրա շուրջ սրումը, ինչպես նաեւ՝ Թուրքիայի կողմից Ս-400 համակարգերը ձեռք բերելը: