BBC-ի թղթակիցները հետեւել են Լեռնային Ղարաբաղում մարտական գործողություններին: Ստորեւ ներկայացնում ենք ռեպորտաժը կրճատումներով:
«Օդային տագնապի ազդանշանը լսեցինք, երբ անցնում էինք Լաչինով: Այստեղ ադրբեջանցի զինվորականները կրակել են 3 օր անընդմեջ՝ փորձելով խզել Հայաստանի եւ Ղարաբաղի միջեւ հաղորդակցությունը:
Հայաստանից Ղարաբաղ է տանում 2 ճանապարհ, սակայն հյուսիսայինը՝ Սեւանա լճի ափով, շատ մոտ է Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքներին: «Լաչինի միջանցքն» այդ վայրերում 25 տարի առաջ գլխավոր կապող օղակն էր Ստեփանակերտի եւ Երեւանի միջեւ:
Կիրակի առավոտյան BBC-ի թղթակցին հաջողվել է անցնել կամրջով դեպի Ստեփանակերտ, սակայն երեկոյան այդ հատվածում տեղաշարժը կանգնեցվել է:
Նկարիչը ճակատում
Լաչինի քաղաքային ենթակայանի մոտ հերթական պայթյունն է որոտում, օդային տագնապը չի լռում, փողոցներում ոստիկանական մեքենաներ են շրջում՝ կոչ անելով արագ թաքնվել ապաստարաններում:
BBC-ի թղթակիցների համար թաքստոց է դառնում քաղաքի սուպերմարկետներից մեկի նկուղային հարկը: Խանութի սեփականատեր Նելլին 17 տարի ընտանիքի հետ ապրում է Կալիֆոռնիայում, սակայն հետո որոշել է հայրենիք վերադառնալ:
Երկու սենյակներն աստիճանաբար լցվեցին տեղի բնակիչներով եւ անցորդներով, որոնք ճանապարհին հայտնվել էին ռմբակոծության տակ:
Նելլին բոլորին սուրճ եւ ուտելիք է առաջարկում հենց նկուղում:
Նկատեցինք մի տղամարդու ժիլետով եւ բրդե կարդիգանով, եւ միանգամից մտածեցինք, որ նա լրագրող է: Սակայն Հրաչիկ Արմենակյանը մասնագիտության նկարիչ է: Առաջին ղարաբաղյան պատերազմի ժամանակ նա ուսանող էր, իսկ 2016 թվականին հակամարտության բռնկման ժամանակ Մոսկվայում էր գտնվում:
Նա պատմում է, որ նույնիսկ չի խորհրդակցել հարազատների հետ եւ եկել է այստեղ. «Կասեին, որ դա իմ գործը չէ, մնա տանը: Միայն երեկ հայտնեցի, որ պետք է գամ Ղարաբաղ, եւ առավոտյան արդեն այստեղ էի»:
Նկարիչն ասում է, որ աշխատում է ավանգարդիզմ-կոնցեպտուալիզմ ժանրում եւ նույնիսկ գործընկերների հետ արտ-խումբ է հիմնել: Նրա մտերիմ ընկերն աշխատում է Մոսկվայում Սկլիֆոսովսկու անվան իստիտուտում եւ պատերազմի առաջին օրը Երեւանից Ստեփանակերտ է մեկնել, որտեղ այժմ հոսպիտալում օգնում է վիրավորներին:
«Մենք երեկ խոսել ենք, եւ երբ նա իմացավ, որ ես նույնպես գնում եմ, երկար ժպտում էր»,-պատմում է Հրաչիկը:
Հրաչիկը չի կարողանում կռվել, սակայն հույս ունի, որ ճակատում իրեն կսովորեցնեն, կարծում է, որ պատերազմում այժմ կարեւոր է բարոյական, ֆիզիկական ուժը, տաղանդը:
Ճակատ մեկնելու նրա որոշումը կարող է տարօրինակ թվալ, սակայն Ղարաբաղին օգնելու համար հայերը մեկնում են աշխարհի տարբեր կետերից:
Մոսկվայից Երեւան մեկնող կոմպակտ ինքնաթիռների փոխարեն այս օրերին մեկնում են հսկայական Boeing-777, որոնք մինչեւ պանդեմիան ուղեւորներին տեղափոխում էին Նյու Յորք կամ Թաիլանդ:
Եվ քանի որ վիրուսը չեղարկեց ծրագրերը, այս հսկայական ինքնաթիռներում տեղավորվում են կենսաթոշակային տարիքի տասնյակ տղամարդիկ, սակայն զինվորական համազգեստով, որոնք հարկ են համարում թողնել իրենց գործերն ու գնալ կռվելու, ինչպես դա անում էին 30, 20 կամ 6 տարի առաջ:
Քաշաթաղի շրջանի ղեկավարի տեղակալ Գեւորգ Մնացականյանը պատասխանում է հարցին, թե ինչ է նշանակում «Լաչինի միջանցքը» եւ դրա պահպանումը ԼՂ ապագայի համար. «Մեզ համար կարեւոր են բոլոր քաղաքները»: Նա ասում է, որ քաղաքում լուրջ ավերումներ դեռ չի եղել:
Մեր զրույցն ընդհատում են զինվորականները, որոնք սկզբում հետաքրքրված էին լրագրողների ներկայությամբ, սակայն մի քանի օր անց սկսեցին շատ վախենալ ուղիղ տեսահեռարձակումներից եւ նկարահանումներից, քանի որ թշնամին կարող է տեսնել ցանկացած գեոլոկացիա: Հարցազրույց նկարահանելն առաջարկում են պատի ֆոնին, որպեսի չերեւա որեւէ բնապատկեր խոսացողի հետեւում:
Երբ չես ուզում հեռանալ
Պատերազմից փախչողներին կարելի է պայմանականորեն բաժանել 3 խմբի։ Ոմանք անմիջապես գնում են Հայաստանի խորքը, օրինակ՝ Երեւան, որ այնտեղ սպասեն պատերազմի ավարտին։ Մյուսները մնում են Ղարաբաղին սահմանակից բնակավայրերում։ Հայկական Գորիսում հյուրանոցները իրար մեջ կիսում են լրագրողներն ու փախստականները։ Կան նաեւ երրորդները, որոնք հեռանում են ճակատի անմիջական գծից, բայց չեն շտապում Ղարաբաղը լքել՝ շուտով տուն վերադառնալու հույսով։
Հնագույն քաղաք Շուշին Ստեփանակերտից մեքենայով ընդամենը 10-15 րոպեի հեռավորությամբ է գտնվում։ Մի կողմից Ղարաբաղի մայրաքաղաքը ցածրավայրում է, իսկ Շուշին լեռան վրա, այնպես որ՝ այս քաղաքը հազվադեպ են գնդակոծում։ Մյուս կողմից՝ այն պատճառով, որ լեռան վրա է, այստեղ դժվար է նկուղով շենք գտնել, որտեղ հնարավոր կլիներ թաքնվել գնդակոծության ժամանակ։
Կիրակի մշակույթի կենտրոնի շենքի մեջ, որտեղ փախստականներ էին պատսպարվել, արկ ընկավ։ ԼՂՀ կառավարությունը հայտարարեց, որ միայն այդ օրը Շուշիի եւ Ստեփանակերտի գնդակոծությունների հետեւանքով մահացել է նվազագույնը 4 խաղաղ բնակիչ։
Շուշիից բացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաքի սքանչելի տեսարանը։ Մենք 2 ժամ է նկարահանում ենք, եւ քաղաքը չեն գնդակոծում, բայց ամեն առավոտ ու ամեն երեկո Ստեփանակերտը եւ քաղաքում մնացածներին ավելի ու ավելի կատաղի են ռմբակոծում։ Ընդհուպ մինչեւ կիրակի Շուշին չեն գնդակոծել։ Տեղական հյուրանոցում մենք հանդիպում ենք մի քանի տասնյակ ծերունիների, որոնց դուրս են բերել Մարտակերտի շրջանի սահմանամերձ գյուղերից։
Ռուսաց լեզվի ուսուցչուհի Ռայա Գեւորգյանը պատմում է, որ վաղ առավոտյան իրեն զանգահարել է քաղաքապետը եւ խնդրել գյուղից դուրս գալ, որ խուսափեն խաղաղ բնակչության շրջանում ավելրոդ զոհերից։ Դուրս է եկել մոտ 50 մարդ։
«Մենք այստեղից ոչ մի տեղ չենք հեռանում, որ ուղղակի ավելորդ զոհեր չլինեն»,- հստակեցնում է նա։ Նա 1988 թվականին ստիպված էր փախչել Ադրբեջանից, 1992-ին՝ արդեն Ղարաբաղից, 2016-ին կրկին ստիպված էին որոշ ժամանակով հանրապետությունից տարհանվել, նրա համար սա հիմա արդեն չորրորդ տարհանումն է։ Նրա երկու որդիները ճակատում են, նրանց հետ կապ չկա, նա չգիտի՝ ո՞ղջ են արդյոք։
Հարեւան գյուղի բնակիչ Աիդա Մելքանյանը վախենում է միաժամանակ թե՛ որդու համար, որը 18 տարեկանում բանակ է գնացել եւ հիմա ճակատում է, թե՛ եղբոր համար, որն այնտեղ է գնացել կամավոր։
Նրա եղբայրը մի քանի օր առաջ հայտնվել է գնդակոծության տակ եւ հիմա փորձում է ոտքով հասնել Ստեփանակերտ, քանի որ այդ ուղղությամբ ոչ մի տրանսպորտ արդեն չի երթեւեկում։ «Երբ վերջին անգամ զանգեց, ասում էր, որ վիրավոր չի, բայց ես ձայնից զգում եմ, որ այդպես չի։ Արդեն երրորդ օրն է ընթանում,- գանգատվում է Աիդան։ - Շատ մղձավանջային իրավիճակ է, իսկ աշխարհը լռում է։ Խաղաղ մարդկանց ռմբակոծում են XXI դարում, սա անմարդկային է»։
Նինա Շագանցը երկու օր առաջ է եկել Մարտակերտից։ Նրա հետ միասիհն եկել են 5 կանայք, ազգականուհիներ եւ ընկերուհիներ։ «Ահա նստած է զոհվածի կինը, նրա որդին հիմա այնտեղ է։ Ահա այնտեղ՝ որդին, ամուսինը»,- թվարկում է Նինան։
Նրա ամուսինը մնացել է Մարտակերտում։ Կանայք, ինչպես նաեւ այս նկուղում եղած մարդկանց մեծամասնությունը, արդեն երրորդ անգամ են տնից հեռանում որպես փախստական։ Նա Շուշին անվտանգ վայր չի համարում, այստեղ է նստած, քանի որ տանից հեռու չէ եւ ամուսնու հետ կապ պահպանելու հնարավորություն կա, «որ նրանց գոնե աջակցի»։
Փախստականները գրեթե դուրս չեն գալիս նկուղից։ «Երբեմն, երբ հանդարտ է, դուրս ենք գալիս, բարձրանում ենք սենյակ, երբ օդային տագնապ է, իջնում ենք նկուղ։ Այսօր մի քանի անգամ է տագնապ եղել, գրեթե ամբողջ օրը նստած ենք»,- պատմում է Նինան։
«Հույսներս միայն մեր ուժերի վրա է»
Քանի որ Ղարաբաղը մինչեւ հիմա չի ճանաչվել որպես ինքնուրույն պետություն, նույնիսկ Հայաստանի կողմից, Երեւանում հանրապետությունն ունի ներկայացուցչություն, այլ ոչ դեսպանություն։
Հայաստանում ԼՂՀ ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը պնդում է, որ ճակատում ուժերի հարաբերակցությունը շուրջ 13-ը 1-ի է հօգուտ Ադրբեջանի, բայց մեկ շաբաթ տեւած մարտերից հետո ադրբեջանական բանակին այդպես էլ չի հաջողվել նկատելի հաջողության հասնել։
«Կան բոլոր իրավական եւ քաղաքական հիմքերը Արցախը [որպես անկախ պետություն] ճանաչելու համար,- դատողություն է անում նա։ - Բայց կան քաղաքական նպատակահարմարւթյուններ եւ երկակի ստանդարտներ։ Մենք դե ֆակտո կայացած պետություն ենք եւ հաշտության կողմնակից ենք, որովհետեւ ամեն մի կյանքն անգին է։ Բայց Ադրբեջանը պետք է փրկի իր դեմքը․ քանի միլիարդ դոլար է դրել բանակի եւ պաշտպանության մեջ, բայց չի հաջողվել հասնել զգալի արդյունքի»։
Հարցին՝ Ստեփանակերտում սպասո՞ւմ են Ռուսաստանի կողմից որեւէ օգնության, այդ թվում՝ ռազմական, դիվանագետը հոգնած ժպտաց․ «Մենք չենք կարող սպասել։ Որքա՞ն։ Ինչի՞ն։ Հույսներս միայն մեր ուժերի վրա է։ Եթե կռիվն անխուսափելի է, պետք է առաջինը խփես։ Վերջին ամիսներին Բաքվում ակտիվորեն պատրաստվում էին պատերազմին, ինքներդ դատեք՝ Հայաստանն ինչո՞ւ պիտի պատերազմի գնա Ադրբեջանի դեմ»։





























