Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ արտաքին միջամտություն չի կարող լինել, հայտարարել է ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Ժոզել Բորելը՝ չորեքշաբթի ելույթ ունենալով Եվրախորհրդարանի  նիստում։

«Սա 1993, 1994 թվականներից ի վեր ամենախոշոր դիմակայությունն է։ Եվ այդ օրերին մենք մեծապես ներգրավված էինք այս հարցերին»,- նշել է նա՝ հավելելով, որ ռազմական գործողությունները սկսելու օրը ինքը հանդես է եկել հայտարարությամբ, որով ռազմական գործողությունների դադարեցման եւ ապաէսկալացիայի կոչ է արել։

Նա նշել է, որ մի քանի հեռախոսազրույցներ է ունեցել ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հետ՝ երկու կողմերին կոչ անելով դադարեցնել ռազմական գործողությունները եւ վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ։

«Իմ դիրքորոշումը հստակ է, պայքարը պետք է ավարտվի։ Երկու կողմերը պետք է վարեն կառուցողական բանակցություններ»,- նշել է նա։

«Հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում եւ առավել եւս արտաքին միջամտություն»,- նշել է նա՝ հավելելով, որ Մինսկի խմբի համանախագահները պատրաստվում են այս շաբաթ հանդիպել երկու երկրների ԱԳ նախարարների հետ՝ հակամարտության կարգավորման հարցը քննարկելու համար։

«Մենք շարունակում ենք աշխատել առանցքային գործընկերների հետ՝ փորձելով օգնել դադարեցնել ռազմական գործողությունները, որովհետեւ միակ լուծումը բանակցային սեղան վերադառնալն է»,- հավելել է նա։