Դժվար է կատարել այն պայմանները, որոնք Ադրբեջանն առաջ է քաշում Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների վերսկսման համար։ Այս մասին հայտնել է ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ժոզել Բորելը՝ ելույթ ունենալով Եվրախորհրդարանի պատգամավորների առաջ։

Նա նաեւ մտահոգություն է հայտնել այն կապակցությամբ, ինչ ասվել է իր եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի զրույցում։

«Նա ինձ ասաց, որ մարտերը շարունակվելու են այնքան ժամանակ, մինչեւ Հայաստանը համաձայնվի Ղարաբաղից դուրս գալու կոնկրետ ժամանակացույցի։ Բանակցությունների վերսկսման համար այս պայմանն անչափ դժվար է կատարել, իսկ իրավիճակն օրեցօր խորանում է»,- նշել է Բորելը։

Բորելը նաեւ մտահոգություն է հայտնել Ադրբեջանին Թուրքիայի լիակատար աջակցությամբ։

Նշենք, որ ավելի վաղ իր ելույթում ԵՄ դիվանագիտության ղեկավարն արտահայտվել էր հակամարտության կարգավորման բանակցություններն առանց նախապայմանների վերսկսելու օգտին։