Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններն անհնար են առանց Ղարաբաղի մասնակցության, իսկ հանրապետության ճանաչման գործընթացն անխուսափելի է։ Այս մասին հոկտեմբերի 8-ին ԱԺ-ում ավանդական ճեպազրույցների ժամանակ ասաց Պաշտպանության եւ անվտանգության հարցերով խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ, իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։

Նրա խոսքով՝ այսուհետեւ առանց Ղարաբաղի մասնակցության ոչ մի բանակցություն հեռանկար ունենալ չի կարող։

«1994 թվականի հրադադարի մասին եռակողմ պայմանագիրն արդեն խախտվել է եւ պետք է թարմացվի, իսկ այնտեղ եղել է նաեւ Արցախի ստորագրությունը։ Առանց Արցախի մասնակցության անհնար է սպասել խաղաղության որեւէ հեռանկարի»,- շեշտեց Քոչարյանը։

Պատգամավորը նաեւ նշեց, որ Ղարաբաղի անկախության ճանաչման գործընթացը արդեն գործարկվել է եւ անխուսափելիորեն շարունակվելու է՝ հաշվի առնելով պատերազմին Թուրքիայի շատ ակտիվ ներգրավվածությունը։

Նրա խոսքով՝ դրանից բացի, հակամարտության կողմերն այսպես թե այնպես կնստեն բանակցությունների սեղանի շուրջ, սակայն օրակարգն արդեն պետք է բավարարի նաեւ Հայաստանին, հատկապես Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության ապահովման առումով։

«Այսօր անվտանգության գոտին արդեն այլ նշանակություն է ստացել եւ պետք է դառնա Արցախի անվտանգությունն ապահովող գոտի։ Այստեղ տարածքների վերադարձի մասին խոսելն անհեթեթ է դառնում, քանի որ օրակարգ է փոխվում»,- նշեց Քոչարյանը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի ԶՈւ-ն կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի գործող նորմերը եւ հակամարտության կարգավորման խաղաղ բանակցային գործընթացի տրամաբանությունը, կիրառելով հիթիռա-ականանետային միջոցներ եւ ավիացիա՝ հարձակման է անցել շփման գծի ամբողջ երկայնքով՝ թիրախավորելով Պաշտպանության բանակի մարտական դիրքերը եւ Ղարաբաղի խաղաղ բնակավայրերը։