Մենք շատ լավ գիտենք Ադրբեջանի իշխանությունների վարքի հոգեբանական առանձնահատկությունները, հատկապես` շփման գծի մասով: Այս մասին հոկտեմբերի 8-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած ավանդական ճեպազրույցների ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցությունից ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը:

Ըստ նրա` Ադրբեջանի պետական ​​ինստիտուցիոնալ գործառույթները բավականին պայմանական են:

«Եթե մի երկրի ռազմաքաղաքական որոշումներն ընդունվում են մեկ այլ երկրի կողմից, ապա այդ ինստիտուտներին չպետք է մեծ դեր տալ: Խոսելով վարձկանների մասին` պետք է նշեմ, որ, այո, նրանք եղել են, եւ ապագայում մենք խոսելու ենք եւ բարձրացնելու ենք նրանց ներկայության հարցը հակամարտության գոտում, բայց արդեն` միջազգային հարթակներում»,- ասաց Էնֆիաջյանը: