Վրաստանի չորրորդ նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին ճիշտ քայլ է համարում այն, որ վրացական կողմը Հայաստանին եւ Ադրբեջանին առաջարկել է բանակցություններ վարել Թբիլիսիում` հակամարտության խաղաղ կարգավորման համար, սակայն նա թերահավատորեն է նայում դրա հավանականությանը, փոխանցում է «Sputnik- Վրաստան»-ը:

«Այն, որ առաջարկներ են արվել ինչպես վարչապետի, այնպես էլ նախագահի կողմից, ճիշտ քայլ է: Տարածաշրջանում կա երեք երկիր, եւ մենք միշտ պետք է փորձենք խաղաղարարի դեր ունենալ: Սակայն այն, որ նրանք չկարողացան պատասխանել, նույնպես իրականություն է, քանի որ միջազգային այս համատեքստում առաջարկի եւ բանակցությունների դերակատարները միայն Ադրբեջանը եւ Հայաստանը չեն: Իրականում այս աշխարհաքաղաքական խաղի տարածքը շատ ավելի լայն է, ներգրավված են եւ՛ Թուրքիան, եւ՛ Ռուսաստանը, ուստի նրանց հանդիպումը Վրաստանում, ցավոք, ինձ անիրատեսական է թվում: Այնուամենայնիվ, նրանք պետք է նման հայտարարություններ անեին` եւ՛ նախագահը, եւ՛ վարչապետը»,- ասել է Մարգվելաշվիլին PalitraNews հեռուստանախագծում:

Ավելի վաղ Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան առաջարկել էր, որպեսզի հակամարտող կողմերը Թբիլիսին որպես բանակցությունների հարթակ օգտագործեն: Իր հերթին, Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել էր, որ հնարավորության դեպքում պատրաստ է հյուրընկալել ԵԱՀԿ Մինսկի խմբի հանդիպումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով: