«Փաստ» թերթը գրում է. «Ադրբեջանաթուրքական ագրեսիայի ողջ ընթացքում եւ ընդհանարապես հաճախ կարելի է լսել հարց՝ իսկ ի՞նչ է անում միջազգային հանրությունը, ինչու չի օգնում մեզ, ինչու չի բռնում հանցագործու­թյուն իրականացնող պետությունների ձեռքը:

«Իսկ ի՞նչ է «միջազգային հանրություն» ասված անորոշ հասկացու­թյունը. այն ուժային որոշակի հարաբերակցության ու միջազգային խաղի կանոնների շուրջ համաձայնության եկած պետությունների ամ­բողջություն է: Դա, իհարկե, չի նշանակում, թե այդ համայնքի անդամ­ները չունեն իրենց՝ խիստ պրագմատիկ ու երբեմն համայնքում ըն­դունված խաղի կանոններին մրցակից, կամ հակասող շահեր: Ասում ենք՝ ինչու միջազգային հանրությունը մեզ չի օգնում... Իսկ ինչու այն մեզ առհասարակ պիտի օգնի:

Մենք պետություն ենք մեր բանակով, մեր առկա ռեսուրսներով, մեր ինքնիշխանությամբ: Եթե մենք մեզ չենք կարողանում պաշտպանել, մեր անվտանգությունը պատշաճ ապահո­վել, ապա ինչու այլ պետություններ պետք է դա անեն, միջազգային հարաբերությունների համակարգում որեւէ մեկը մյուսին պարտական չէ: Այստեղ աշխատում է շահի եւ ուժի սկզբունքը։ Եվ եթե կարողանում ենք այդ շահի եւ ուժի սկզբունքի շուրջ դաշնակիցներ ձեռք բերել, ուրեմն հաջողում ենք, եթե ոչ, ուրեմն ձախողում ենք պետություն կա­ռավարելու եւ ունենալու հեռանկարը:
Մյուս կողմից՝ առնվազն պետք է հասկանալ, որ եթե մենք մեզ չենք կարողանում պաշտպանել, եւ այլ երկրներ են մեզ պաշտպանում, մենք նրանց առջեւ պարտավորություն ենք ստանձնում եւ ընկնում ենք քաղաքական վարկերի տակ»,- «Փաս­տի» հետ զրույցում ասաց քաղաքագետ Ալեն Ղեւոնդյանը:

Կառավարման փորձագետ, վերլուծաբան Սերոբ Անտինյանն էլ նշում է, որ միջազգային հանրությունը շատ ամորֆ, վերացական հասկացություն է. «Այստեղ գործ ունենք շատ կոնկրետ երկրների հետ: Ուժային կենտրոններ համարվող երկրները, նրանց «սատե­լիտ» պետությունները, իրենց շահերից ելնելով, համապատասխա­նաբար դիրքավորվում են եւ անում հայտարարություններ: Դրանք, որպես կանոն, շատ անատամ են, անհասցե, պարիտետային՝ իրենց բնույթով, ինչը խոսում է այն մասին, որ քաղաքականության մեջ մշտապես գործել է եւ շարունակում է գործել «եղունգ ունես՝ գլուխդ քորիր» ժողովրդական իմաստնությունը»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում