Լեռնային Ղարաբաղում մի քանի օր տեւած ինտենսիվ մարտերից հետո հինգշաբթի առաջ է քաշվել նոր դիվանագիտական նախաձեռնություն, որը պահանջում է «մարտական գործողությունների անհապաղ դադարեցում» եւ հակամարտության բոլոր կողմերին կոչ է անում «անհապաղ պարտավորություն ստանձնել առանց նախապայմանների բանակցությունները վերսկսել կարգավորման էության շուրջ», New Europe-ում հրապարակված իր հոդվածում նշում է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը։

«Այս պահանջը, որը ձեւակերպվել է Ֆրանսիայի, Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահների համաձայնեցված համատեղ հայտարարության մեջ, սովորաբար դիտվում է որպես Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ եզակի դիվանագիտական համաձայնության տպավորիչ դրսեւորում։ Բայց ոչ մի սովորական բան չկա ո՛չ ղարաբաղյան հակամարտության, ո՛չ այս շաբաթվա մարտական գործողությունների մեջ։

Այդուհանդերձ, հույսի առկայծում կա, որ այս վերջին դիվանագիտական նախաձեռնությունն ազդեցություն կունենա երեք հիմնական պատճառներով։

Հրադադարի անհրաժեշտություն

Առաջին՝ քանի որ Ադրբեջանի ծանր հարձակումները տարածվել են Լեռնային Ղարաբաղի սահմաններից դուրս եւ ըստ էության՝ Հայաստան, Ադրբեջանի հանկարծակի հարձակումից հետո անցած օրերը միայն հաստատել են հրադադարի մասին համաձայնագիր կնքելու հրատապ անհրաժեշտությունը։ Սակայն այս հրամայականը իր ռազմական գործողությունները դադարեցնելու Ադրբեջանի մտադրությունների հանկարծակի փոփոխության արդյունք չէ։

Ավելի շուտ, ադրբեջանական հարձակումը սկսելու պահից տեղերում ռազմական դրությունը զգալի փոփոխություններ է կրել։ Բախվելով անխուսափելի խնդիրների՝ կապված ղարաբաղյան հայկական ուժերի լավ ամրացված դիրքերի հաղթահարման հետ, Ադրբեջանի ինչպես մարդկային, այնպես էլ տեխնիկայի կորուստները նրա բազմաթիվ հարձակումների ամեն օրվա հետ աճել են։ Չնայած Ադրբեջանում մտցված է խիստ գրաքննություն, ինչը  դժվարեցնում է նրանց ռազմական կորուստների ստույգ գնահատումը, կարեւոր սարքավորումների կորուստը զգալի է եղել։

Օրինակ՝ 80-ից ավելի անօդաչու թռչող սարքերի եւ 7 ռազմական ուղղաթիռների կորուստը, ինչպես նաեւ ավելի քան 175 տանկերի եւ զրահամեքենաների ոչնչացումը զգալիորեն նվազեցնում են երկարատեւ ռազմական գործողություններ վարելու Ադրբեջանի ունակությունը։

Չնայած ղարաբաղյան կորուստները նույնպես ծանր են եղել՝ հատկապես հաշվի առնելով ավելի քան 85 զոհված եւ 100-ից ավելի վիրավոր զինծառայողների մասին տեղեկությունները, տեխնիկայի ոչնչացումը զգալիորեն քիչ է եղել, քան ադրբեջանական զորքերի մոտ։ Այս անհամապատասխանությունը, համենայնդեպս մասամբ, տեղանքի  ռազմական առավելության եւ պաշտպանվողների համար տեղագրության արդյունքն է՝ ի տարբերություն ցանկացած հարձակվող ուժի համար ամրացված դիրքերին հակազդելու նպատակով ավելի ծանր բեռի։

Մարտական գործողություններում շրջադարձային պահը

Այսպիսով, ծանր կորուստների եւ հարձակողական ռազմական գործողությունների թափը պահպանելու հետ կապված դժվարությունների ռազմական ենթատեքստը նշանավորում է մարտական գործողություններում շրջադարձային պահը եւ պետք է ադրբեջանական կողմին դրդի գոնե վերանայելու հրադադարի մասին համաձայնագրի հարցը։ Սա հաստատվում է նաեւ այն փաստով, որ մարտական գործողությունների այս շաբաթը՝ ինչպես տեւողությամբ, այնպես էլ ինտենսիվությամբ արդեն գերազանցել է ավելի վաղ կատարված հարձակումները, ինչպես՝ 2016 թվականի ապրիլին։

Մարտերում այդպիսի շրջադարձային պահ է նկատվում նաեւ ադրբեջանական զորքերի մարտավարության փոփոխության մեջ, լայնամասշտաբ զրահատանկային եւ հետեւակի ստորաբաժանումների հարձակումներից անցում անօդաչու թռչող սարքերով հուսահատ հարձակումների շարքին՝ աջակցվող հրթիռային կայանքների եւ հրետանու օգտագործմամբ։ Այս շրջադարձային պահը նաեւ ներառել է Հայաստանում ռազմական գործողության ընդլայնումը, խփված հայկական ռազմական կործանիչը, ինչպես հաղորդվում է՝ թուրքական F-16-ով, եւ ռազմական ԱԹՍ-ների թափանցումը Հայաստանի տարածք՝ Երեւանից ոչ հեռու։

«Իր դեմքը պահպանելու» միջոց

Երկրորդ կարեւոր գործոնը, որը հրադադարի ռեժիմի հնարավորություն է ենթադրում, կապված է Ադրբեջանի ղեկավարության համար հնարավորության հետ` համաձայնել դադարեցնել հարձակումները` վերախմբավորելու եւ իրենց տարածքային ձեռքբերումները ամրագրելու համար: Դա ադրբեջանական ուժերին թույլ կտար ավելի լավ ամրագրել ռազմական գործողությունների ընթացքում իրենց գրաված այս կամ այն դիրքերը` այդպիսով հնարավորություն տալով ուժեղացնել թեթեւակի փոփոխված «շփման գիծը» կամ «առաջնագիծն» Ադրբեջանի եւ Ղարաբաղի միջեւ: Այսպիսի սցենարը նաեւ հնարավորություն կտար Ադրբեջանի ղեկավարներին «պահպանլ իրենց դեմքը»` կանգ առնելու եւ «հաղթանակ» հայտարարելու համար: Իսկ հաշվի առնելով այն քաղաքական ռիսկը, որը կապված է ադրբեջանական բնակչության չափազանցված սպասումների հետ, այդ հնարավորությունը կարող է չափազանց գայթակղիչ լինել, քանի որ Ղարաբաղի հակահարվածներից լուրջ անհաջողությունների ռիսկը ռազմական գործողությունների շարունակման դեպքում միայն կմեծանա: Վերջին ռիսկը կապված է հարձակվող ադրբեջանական ստորաբաժանումների արդեն ծանրաբեռնված նյութատեխնիկական եւ լոգիստիկ շղթաներից:

Ճնշում դիվանագիտական ​​վճռականության կողմից

Սակայն հենց համակարգված դիվանագիտության եւ Ֆրանսիայի, Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի համատեղ վճռականության ուժեղ ազդեցությունն է երրորդ գործոնը, որը կարող է ստիպել Ադրբեջանին համաձայնել հրադադարին: Ռուսաստանի եւ Արեւմուտքի կողմից այդ հազվադեպ դաշնակցային ջանքերի ազդեցությունը ոչ միայն ճնշում կգործադրի Ադրբեջանի վրա, այլ, ինչը գուցե ավելի կարեւոր է, արդյունավետորեն կմեկուսացնի Թուրքիային: Եվ ճիշտ այնպես, ինչպես Թուրքիան շատ բան է ձեռնարկել` ադրբեջանական ռազմական ուժերի եւ առաջնորդների գերավստահության եւ ագրեսիվության խթանման համար, թուրքական ռազմական աջակցության եւ ուղղակի օգնության ցանկացած նվազեցում լրջորեն կազդի ռազմական բարոյական ոգու վրա եւ կխաթարի Ադրբեջանի պատրաստակամությունը շարունակելու մարտական գործողությունները:

Ի՞նչ կլինի հետո

Այնուամենայնիվ, չնայած Ֆրանսիայի, Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի այս եռակողմ դիվանագիտությունը նոր չափազանց կարեւոր հնարավորություն է տալիս այս պատերազմը դադարեցնելու համար եւ օգնելու վերականգնել հրադադարը, այդպիսի դիվանագիտական ​​«հաջողությունը» միայն սկիզբն է եւ ձեռքբերում, որը թույլ կտա հրադադարի նվազագույն մակարդակի հասնել: Այսպիսով, նման հնարավոր դիվանագիտությունը, որքան էլ այն հրատապ եւ անհետաձգելի լինի, քիչ բան է անում Ադրբեջանի հարձակման հիմնական պատճառների վերացման համար: Այս տեսանկյունից, սա միայն ժամանակավոր դադար է եւ նոր ժամանակ` ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ավելի կոշտ եւ արագ դիվանագիտական ​​փոխգործակցության քաղաքականության կիրառման համար: Եվ որպեսզի այդպիսի փոխգործակցությունն աշխատի, դիվանագիտական ​​կառույցը պետք է ներառի եւ ներգրավի հակամարտության բոլոր կողմերին, այդ թվում` առաջին հերթին Ղարաբաղի (Արցախի) ժողովրդավարական ճանապարհով ընտրված ներկայացուցիչներին` հատկապես այն պատճառով, որ խաղաղ գործընթացը եւ դիվանագիտական ​​միջնորդությունն առավելագույնս կենտրոնացած են նրանց ապագայի վրա: Հակառակ դեպքում, քանի դեռ փորձ չի արվել այդպիսի ավելի ընդգրկուն մոտեցում կիրառել, Ադրբեջանի կողմից եւս մեկ ռազմական հարձակում կարող է կրկնվել գալիք տարում` եթե ոչ մոտակա ամիսներին»,- եզրափակում է հեղինակը: