ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնի ավելի շատ էլեկտրոնային նամակներ կհրապարակի։
Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում Մայք Պոմպեոն հայտարարել է, որ իրենք ունեն Հիլարի Քլինթոնի էլեկտրոնային նամակները։ Սակայն պարզ չէ՝ արդյո՞ք խոսքը հեռացված նամակագրության մասին է:
Նա նաեւ դրական պատասխան է տվել այն հարցին, թե մտադիր է արդյոք այդ նամակները նախագահական ընտրություններից առաջ հրապարակել:
«Մենք պատրաստվում ենք ներկայացնել այս ամբողջ տեղեկատվությունը, որպեսզի ամերիկացի ժողովուրդը տեսնի այն: Հնարավոր է հիշեք, որ մասնավոր սերվերի վրա գաղտնի տեղեկատվություն է եղել, այն չպետք է այնտեղ լիներ: Հիլարի Քլինթոնը չպետք է աներ դա, դա անընդունելի պահվածք էր»,- ասել է Մայք Պոմպեոն:
Նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր հիասթափությունն էր հայտնել, որ ԱՄՆ պետքարտուղարը դեռ չի հրապարակել Քլինթոնի անձնական սերվերից հանված էլեկտրոնային նամակները։ Ինչպես 2015-ին խոստովանել էր Քլինթոնը, դրանք շատ անձնական նամակներ են եղել:
«Նա ասաց, որ ունի 33 000 էլեկտրոնային նամակ: Դրանք Պետդեպարտամենտում են, բայց Մայք Պոմպեոն չի կարողանում դրանք ձեռք բերել, ինչը իրականում շատ տխուր է: Դա ինձ չի ուրախացնում: Նա չի կարողացել դրանք ստանալ: Չգիտեմ ինչու»,- Fox News-ին ասել էր Դոնալդ Թրամփը:





























