ԵԽԽՎ-ում Ֆրանսիայի եւ Գերմանիայի խորհրդարանականները դրական են գնահատել Ղարաբաղի հարցում Մոսկվայի ջանքերը:
«Շատ լավ է, որ Ռուսաստանի Դաշնությունը փորձում է կարգավորել այս հակամարտությունը»,- նշել է «Սոցիալիստներ, դեմոկրատներ եւ կանաչներ» խմբի ղեկավար, Գերմանիայի Բունդեսթագի անդամ Ֆրանկ Շվաբեն:
Միաժամանակ, նա ուշադրություն է հրավիրել այն տեղեկությունների վրա, որ Թուրքիան Սիրիայից գրոհայիններ է ուղարկել հակամարտության գոտի: «Ահավոր է այն, ինչ անում է Թուրքիան, չի կարելի շարունակել այնտեղ Սիրիայից գրոհայիններ ուղարկել, քանի որ նման գործողությունները չեն նպաստում հակամարտության խաղաղ կարգավորմանը»,- ընդգծել է Շվաբեն:
Իր հերթին, Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Ժակ Մերը մտահոգություն է հայտնել Եվրոպայի համար հակամարտության հետեւանքների կապակցությամբ: «Երբ Եվրոպայի խորհրդի երկու անդամները [Ադրբեջանը եւ Հայաստանը] ներգրավված են զինված բախման մեջ երրորդի [Թուրքիայի] մասնակցությամբ, դա չի կարող չառաջացնել վեհաժողովի անհանգստությունը»,- ասել է նա: «Հակամարտությունը սարսափելի հետեւանքներ ունի խաղաղ բնակչության համար, չեն պահպանվում միջազգային իրավունքի, հումանիտար իրավունքի նորմերը եւ օգտագործվում են զենքի արգելված տեսակներ»:




























