2021 թվականին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կարիքների համար նախատեսվում է հատկացնել 852,6 մլն դրամ։ Այս միջոցների հիմնական մասը՝ շուրջ 88 տոկոսը, հատկացվելու է աշխատակազմի հետագա պահպանման համար։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 3-ին, ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային, ինչպես նաեւ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2021 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ղեկավար Գարեգին Բաղրամյանը։

Գերատեսչության ղեկավարի խոսքով՝ մնացած 12 տոկոսը ծախսելու են Հանձնաժողովի բնական կայուն աշխատանքի ապահովման համար։ Նախատեսվում է այս միջոցներով ձեռք բերել անհրաժեշտ սարքավորումներ, գրասենյակային իրեր, եւ ապահովել գործուղումների ծախսերը։