Մենք ակնկալում ենք 2021 թվականին գրանցել շոշափելի արդյունքներ։ Այս կապակցությամբ անհրաժեշտ է նշել երկու հանգամանք՝ ԵՏՄ-ի եւ Սինգապուրի միջեւ ստորագրված Ազատ առեւտրի գոտու ստեղծման մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելը, ինչպես նաեւ Հայաստանի եւ Սինգապուրի միջեւ ստորագրված Ծառայությունների, առեւտրի եւ ներդրումների մասին համաձայնագիրը։ Այս մասին նոյեմբերի 5-ին ԱԺ-ում ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի, ինչպես նաեւ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստին 2021 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։
Այս պայմանագրի համաձայն՝ Սինգապուրը պարտավորվել է Սինգապուրի ազատ տնտեսական գոտի ներմուծումների դեպքում մաքսատուրքեր չկիրառել այն ապրանքների նկատմամբ, որոնք արտադրվել են Եվրասիական տնտեսական միությունում։
Նախարարը նաեւ հայտնեց, որ 2021 թվականին ակտիվորեն կշարունակվեն աշխատանքները Եգիպտոսի հետ ազատ առեւտրի գոտի ստեղծելու մասին համաձայնագրի ուղղությամբ։





























