Արեւմտյան Բալկանների երկրների բնակչության մեծ մասը՝ ավելի քան 75%-ը, հավատում է կորոնավիրուսի հետ կապված դավադրության տեսություններին  եւ մտադիր չէ պատվաստվել: Սերբական РТС հեռուստառադիոալիքը մեջբերում է հարցման տվյալները, որն անցկացրել է «Բալկանները Եվրոպայում եւ Բալկանների համար եվրոպական հիմնադրամի» փորձագիտական խումբը, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը: 

Այդ հարցման արդյունքների համաձայն՝ կորոնավիրուսի շուրջ դավադրության տարբեր տեսություններ ամենից շատ հանրահայտ են Ալբանիայի բնակիչների շրջանում: Սերբիայում նման կարծիք ունեն բնակիչների 40-70%ը, ընդ որում, տոկոսային հարաբերակցությունը կախված է նրանից, թե կոնկրետ ինչ տեսության մասին է խոսքը:

Հարցման կազմակերպիչները հետաքրքրվել են հարցվածներից, թե արդյոք նրանք կարծում են, որ կորոնավիրուսը կենսաբանական զենք է կամ էլ այն տարածում է դեղագործական արդյունաբերությունը:

Հետազոտության հեղինակների տվյալներով՝ նմանատիպ հարցումները, որոնք անցկացվել են Եվրոպայի այլ հատվածներում եւ Հյուսիսային Ամերիկայում , ցույց են տալիս, որ դավադրության տեսություններին հավատում է բնակչության գրեթե մեկ քառորդը, իսկ Բալկաններում այդ ցուցանիշը 2-3 անգամ ավելի է:

Բացի այդ, հարցման ընթացքում պարզվել է, որ Արեւմտյան Բալկանների բնակիչները ծայրահեղ վերաբերմունք ունեն պատվաստման գաղափարի նկատմամբ. կորոնավիրուսի դեմ պատվաստվելու ցանկություն է հայտնել բնակչոթյան 39%-ը, ինչը ցածր ցուցանիշ է՝ Եվրոպայի այլ տարածաշրջանների համեմատ:

Հարցումն անցկացրած խմբի ղեկավար Ֆլորիանա Բիբերան Գրացի համալսարանից (Ավստրիա) ասել է, որ պատվաստվելուց հրաժարվելը ուղիղ կապ ունի դավադրության տեսություններին հավատալու հետ:

Դավադրության տեսություններին հավատալու պատճառներից մեկը հետազոտության հեղինակները նշել են պաշտոնական մարմինների եւ քաղաքական գործիչների նկատմամբ անվստահությունը: