Ցինկ եւ անագի ֆտորիդ պարունակող ատամի մածուկը, ինչպես նաեւ բերանը ողողելու համար ցետիլպիրիդինի քլորիդով հեղուկը երկու րոպեում գրեթե 100%-ով չեզոքացնում են SARS-CoV-2-ը: Այս մասին են վկայում Colgate-Palmolive ատամի մածուկ արտադրողների պատվերով անցկացված ուսումնասիրությունների արդյունքները, որոնք դեկտեմբերի 3-ին հրապարակվել են Dental Tribune-ում:

Ուսումնասիրությունն իրականացվել է Նյու Ջերսի նահանգի (ԱՄՆ) Ռաթգերսի համալսարանի հանրային առողջապահական դպրոցի մասնագետների կողմից, որն ավարտվել է այս տարվա հոկտեմբերին: Գիտնականները եկել են այն եզրակացության, որ ատամի մածուկի որոշ ապրանքանիշներ, իրենց քիմիական կազմի առանձնահատկություններից ելնելով, օգտագործելուց հետո երկու րոպեի ընթացքում ի վիճակի են չեզոքացնել նոր կորոնավիրուսը 99,9%-ով: Բերանը ողողելու համար ցետիլպիրիդինի քլորիդով հեղուկներն ունեն նույն հատկությունները եւ գործում են 30 վայրկյան անց:

«Մենք գտնվում ենք կլինիկական փորձարկումների սկզբնական փուլում, բայց նախնական լաբորատոր եւ կլինիկական արդյունքները շատ խոստումնալից են»,- ասել է Colgate-Palmolive-ի ներկայացուցիչ, դոկտոր Մարիա Ռայանը: «Ատամները լվանալը եւ բերանը ողողելը միջոց չէ մարդուն վարակից բուժելու կամ պաշտպանելու համար, բայց դրանք կարող են օգնել նվազեցնել կորոնավիրուսի փոխանցման ռիսկը եւ դանդաղեցնել դրա տարածման արագությունը: Մածուկը եւ բերանի լվացումը լրացնում են անձնական պաշտպանական միջոցները, ինչպիսիք են դիմակները, սոցիալական հեռավորությունը եւ ձեռքերի հաճախակի լվացումը»,- հավելել է բժիշկը:

Համալսարանի մասնագետները կատարել են ատամի մածուկի եւ բերանի ողողման կլինիկական փորձարկումներ` կորոնավիրուսով վարակվածներից 50 կամավորների մասնակցությամբ: Նախնական արդյունքները ցույց են տալիս, որ քիմիական որոշակի բաղադրությամբ մածուկը եւ հեղուկը կարող են նվազեցնել վիրուսի կոնցենտրացիան բերանում: Փորձարկումների վերջնական արդյունքները նախատեսվում է հրապարակել այս ամիս, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ըստ Ջոնս Հոփքինսի համալսարանի, որը հաշվարկում է դաշնային եւ տեղական իշխանությունների տեղեկատվության հիման վրա, ԱՄՆ-ում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի ավելի քան 15,85 միլիոն դեպք, մահացել է 295 546 մարդ: Երկու ցուցանիշներով էլ երկիրն առաջին տեղում է աշխարհում: