Ինդոնեզիան Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկին հրավիրել է Հարավարեւելյան Ասիայի երկրում իր SpaceX հրթիռի արձակման կայան կառուցել՝ մատնանշելով հասարակածի մոտակայքում նրա գտնվելու առավելությունները:

«Ինդոնեզիայում հասարակածի մոտ գտնվող մի շարք տարածքներ կան»,- AFP-ին ասել է ծովային գործերի եւ ներդրումների համակարգման նախարարության խոսնակ Ջոդի Մահարդին: «SpaceX հրթիռի արձակման գինը ավելի ցածր կլինի, քանի որ նրա արբանյակը որեւէ մանեւրի կարիք չի ունենա՝ իր ուղեծիրը հասարակածին հարմարեցնելու համար»,- հավելել է նա:

Նախագահ Ջոկո Վիդոդոն անցած ուրբաթ հեռախոսազրույցում պաշտոնապես երկիր է հրավիրել աշխարհի երկրորդ ամենահարուստ մարդուն:

Ինդոնեզիայի տիեզերական գործակալությունը նախորդ տարի հայտարարել էր, որ նախատեսում է իր առաջին տիեզերակայանը կառուցել Բիակ կղզում՝ Նոր Գվինեայի հյուսիսային ափին, եւ բանակցություններ է վարում օտարերկրյա գործընկերների հետ:

Անցյալ շաբաթ SpaceX-ը Տեխասից արձակել է Starship հրթիռի նախատիպը, որը, հուսով է, կօգտագործվի դեպի Մարս առաքելությունների համար: Հրթիռը վայրէջք է կատարել, բայց Մասկը լավատեսորեն է տրամադրվել՝ ասելով, որ փորձարարական թռիչքի ընթացքում իրենք ստացել են անհրաժեշտ բոլոր տվյալները:

Ըստ մամուլի հաղորդագրության, Մասկը եւ Վիդոդոն քննարկել են նաեւ Ինդոնեզիայում Tesla-ի ներդրումային հնարավորությունները: Էլեկտրական մեքենաների ընկերությունը հետաքրքրություն է դրսեւորում երկրում նիկելի մեծ պաշարների հանդեպ, որոնք մարտկոցների հիմնական բաղադրիչն են:

«Tesla-ի գլխավոր տնօրեն Իլոն Մասկը պատասխանել է Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոյի հրավերին, որը մտադիր է 2021-ի հունվարին իր թիմին ուղարկել Ինդոնեզիա` ուսումնասիրելու այս համագործակցության բոլոր հնարավորությունները»,- ասվում է նախարարության հայտարարության մեջ: