Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 17-ի նիստում չհաստատեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնում Դիանա Ռոբերտի  Գալոյանի ընտրության արդյունքները:

Նշենք, որ ռեկտորի մրցույթը տեղի էր ունեցել ուղիղ 5 ամիս առաջ՝ հուլիսի 17-ին: Նիստին մասնակցել է խորհրդի 32 անդամներից 27-ը: Փակ գաղտնի քվեարկությանը մասնակցած խորհրդի 26  անդամների քվեները բաշխվել են հետեւյալ կերպ՝

Դիանա Գալոյան՝ 22 կողմ,  Տիգրան Մարտիրոսյան՝ 1 կողմ, «բոլորին դեմ եմ»՝ 3 քվեաթերթիկ:

Խորհուրդը  քվեարկության արդյունքների հիման վրա նիստին ներկա խորհրդի անդամների միաձայն որոշմամբ ընդունել է Դիանա Ռոբերտի Գալոյանին ռեկտոր ընտրելու մասին որոշում:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը նկատեց, որ ռեկտորի ընտրությունների հետ կապված եղել է դատական հայց եւ եղել է դատարանի որոշում ընտրությունների իրականացումը կասեցնելու մասին՝ հաշվի առնելով խորհրդի եւ ընտրական գործընթացի հետ կապված խնդիրները: Ես ինքս հանդիսանում եմ այդ խորհրդի անդամ, նշանակվել եմ վարչապետի խորհրդական եղած ժամանակ: Այդ ժամանակ դատարանի որոշմամբ  նիստից ընդամենը 10 րոպե առաջ չեղյալ է համարվել դատարանի մյուս որոշումը: Ընդ որում երկու դատարաններն էլ եղել են առաջին ատյանի դատարաններ: Այս պահին նաեւ կա ԿԳՄՍ նախարարության դեմ դատական հայց՝ կապված խորհրդի նիստում ընտրությունների հետ: հետեւաբար, ես կարծում եմ, որ առնվազն հավելյալ ուսումնասիրության անհրաժեշտություն կա այս հարցի շուրջ: Համաձայն եմ, որ 5 ամիսը բավականին երկար ժամանակ է, քանի որ խաթարվում է նաեւ կրթական գործընթացը, բայց մյուս կողմից հնարավոր է, որ դատարանի որոշման արդյունքում այդ որոշման մեջ փոփոխություն մտցնի: Նաեւ նախքան ընտրությունները խորհրդի ոկղմից նախարարությանն է ներկայացվել առաջարկ, որպեսզի բուհը վերակազմավորվի հիմնադրամի, քանի որ բոլոր բուհերը վերակազմավորված են հիմնադրամի եւ այդ կարգավիճակով նոր տեղի ունենան ռեկտորի ընտրություններ: Եթե բուհը վերակազմավորվի որպես հիմնադրամ, պետք է ստեղծվի նոր խորհուրդ եւ տեղի ունենան նոր ընտրություններ: Արդյունքում մի քանի ամիս հետո նոր գործընթաց ենք սկսելու»,-ասաց Առաքելյանը:

ԿԳՄՍ նխարար Վահրամ Դումանյանն ի պատասխան ասաց. «Ես չեմ կարծում, որ արժի, որ մենք այստեղ քննարկենք դտարանների որոշումների հետ կապված հարցեր: Մենք այստեղ պարտվորենք քննարկել այն փաստը, որը դրված է սեղանին, որը վերաբերում է միմիայն ռեկտորի ընտրությանը: Խոսքը այստեղ այն մասին չէ, որ եթե այսպես լինի, ապա այնպես կլինի: Եթե կլինեն համապատասխան վճիռներ ապագայում, կարվի սահմանված կարգով: Այս պահին ռեկտորի ընտրության արդյունքները չհաստատելու որեւէ ֆորմալ հիմք չունենք: Այս գործընթացում ամենաշատ տուժող կողմը բուհն է»:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ասաց, որ քանի որ հարցը բարձրաձայնվել է, մեկ քննարկում անպայման տեղի կունենք աշխատակազմում. «Այս փուլում կհանենք հարցը, մեկ շաբաթվա ընթացքում քննարկում կանենք, եւ եթե իրավական տեսանկյունից հարց չառաջանա, այդ դեպքում կհաստատենք»: