Համավարակի ֆոնին 2020 թվականի հունվարից հոկտեմբեր Գերմանիայում ավիաուղեւորների հոսքը կրճատվել է 72 տոկոսով (155 միլիոն)՝ ի տարբերություն անցած տարվա նույն ժամանակաշրջանի, կիրակի հաղորդում է Bild am Sonntag թերթը՝ հղում անելով Գերմանիայի կառավարությանը:
Ընդ որում՝ ընթացիկ տարվա առաջին 10 ամսվա ընթացքում Գերմանիայի օդանավակայաններում ավիաչվերթները կրճատվել են 63 տոկոսով (1.1 միլիոն): «Ներկայում դաշնային կառավարությունը բացի պատվաստումներից պետք է ուշադրություն դարձնի նաեւ ճանապարհորդությունների ոլորտին»,-կոչ է արել Ազատ դեմոկրատական կուսակցության տրանսպորտային քաղաքականության գծով Օլիվեր Լուքսիչը: Եթե չձեռնարկվեն հրատապ միջոցներ, համապատասխան ոլորտներին սպառնում է կոլափս, ընդգծել է նա:
Բացի այդ, կտրուկ կրճատվել է գերմանական դիվանագիտական ներկայացուցչությունների տրամադրած վիզաների թիվը: Առաջին երեք եռամսյակում Գերմանիայի տրամադրած շենգենյան վիզաների թիվը 1.6 միլիոնով (83 տոկոս) պակաս էր, քան 2019 թվականի նույն ժամանակահատվածում:
Համավարակի ամբողջ ընթացքում Գերմանիայում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 1 494 009 դեպք, վերջին օրվա ընթացքում այդ ցուցանիշն աճել է 22 771-ով, հայտնել են Ռոբերտ Կոխի անվան ինստիտուտից: Վերջին մեկ օրվա ընթացքում երկրում COVID-19-ի հետեւանքով մանացել է 409 մարդ՝ մահվան դեպքերի ընդհանուր թիվը հասցնելով 26 049-ի:




























