Երկուշաբթի ոսկու գինն աճում է մոտ 1 տոկոսով` Մեծ Բրիտանիայից կորոնավիրուսի նոր շտամի կապակցությամբ թրեյդերների մտավախությունների ֆոնին, հաղորդում է «Փրայմ»-ը:

Նյու Յորքի Comex ֆոնդային բորսայում ոսկու փետրվարյան ֆյուչերսների գինն աճել է 0.93 տոկոսվ կամ 17.65 դոլարով` մեկ տրոյական ունցիայի դիմաց կազմելով 1906.55 դոլար: Արծաթի մարտ ամսվա ֆյուչերսներն աճել են 4.45 տոկոսով` կազմելով 27.192 դոլար ունցիայի դիմաց:

Ներդրողները հակված են հեռանալ Մեծ Բրիտանիայում նոր կորոնավիրուսի մուտացիայի մասին լուրերից հետո: Շաբաթ օրը Մեծ Բրիտանիայի նոր եւ զարգացող շնչառական վիրուսային սպառնալիքների խորհրդատվական խորհուրդը  հաստատել էր, որ երկրում հայտնաբերված կորոնավիրուսի տարբերակը ավելի արագ տեմպերով է տարածվում եւ էլ ավելի մեծ զգուշություն է պահանջում բնակչության կողմից:

Չնայած վիրուսի նոր տարբերակը, ըստ նախնական գնահատականների, կարող է 70 տոկոսով ավելի վարակիչ լինել, քան սովորականը` դեռ չի վկայում, որ այն ավելի վտանգավոր է մահացության կամ հոսպիտալացման տեսանկյունից: Եվրոպական մի շարք երկրներից բացի, Մեծ Բրիտանիայից թռիչքներ դադարել են ընդունել նաեւ Թուրքիան եւ Իսրայելը:

Ոսկին ավանդաբար ավելի հուսալի ակտիվ է համարվում, ուստի դրա պահանջարկը մեծանում է համաշխարհային անորոշության աճին զուգահեռ: Կորոնավիրուսը զգալի ռիսկեր է պարունակում տնտեսության վերականգնման համար, քանի որ վարակումների աճը կարող է նոր լոքդաունի հանգեցնել: Մյուս կողմից, աշխարհում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մշակումն ու ներդրումը պահպանում է վստահությունը, որ համավարակը կհաջողվի վերահսկողության տակ առնել: