Երկուշաբթի առավոտյան պղնձի գինն ընկնում է ավելի քան 1 տոկոսով` դոլարի թանկացման եւ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի սրման ֆոնին, փոխանցում է «Փրայմ»-ը:

Պղնձի մարտ ամսվա ֆյուչերսների գինը Comex բորսայում նվազել է 1.1 տոկոսով եւ մեկ ֆունտի դիմաց (մոտ 0.45 կիլոգրամ) 3.6055 դոլար է կազմել:
Ուրբաթ Լոնդոնի մետաղների բորսայում (LME) աճուրդների արդյունքում պղնձի մեկ տոննայի գինն աճել է 0.82 տոկոսով եւ կազմել 7985 դոլար, ալյումինի գինը` 0.17 տոկոսով` մինչև 2056.5 դոլար, ցինկի արժեքը` 0.58 տոկոսով` տոննայի դիմաց կազմելով մինչեւ 2872.5 դոլար:

Պղնձի գինը երկուշաբթի ընկնում է դոլարի ամրապնդման ֆոնին: Ավելի թանկ դոլարը զսպում է հումքային ապրանքների գները, այդ թվում` պղնձի, որն այս դեպքում պակաս հասանելի է դառնում այլ արտարժույթներ ունեցող ներդրողների համար: Այդպես, դոլարի ինդեքսը (դոլարի փոխարժեքը Միացյալ Նահանգների հիմնական աճուրդային գործընկեր վեց երկրների արժույթների զամբյուղի նկատմամբ) աճում է 0.11 տոկոսով:

Բացի այդ, համաճարակաբանական իրավիճակի վատթարացումը ՄԹ-ում եւ ԱՄՆ-ում ճնշում է գործադրում նաեւ ներդրողների վրա` մտավախություն առաջացնելով պահանջարկի կրճատման եւ տնտեսական ակտիվության նվազման կապակցությամբ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել Մեծ Բրիտանիայում SARS-CoV-2 կորոնավիրուսի նոր մուտացիայի հայտնաբերման մասին: Շաբաթ օրը Մեծ Բրիտանիայի նոր եւ առաջացող շնչառական վիրուսային սպառնալիքների խորհրդատվական խորհուրդը հաստատել էր, որ երկրում հայտնաբերված կորոնավիրուսի տարբերակն ավելի արագ տեմպերով է տարածվում եւ էլ ավելի մեծ զգուշավորություն է պահանջում բնակչության կողմից: ԱՄՆ-ում շաբաթ օրը կորոնավիրուսով վարակման դեպքերի ռեկորդային թիվ է գրանցվել` ավելի քան 400 հազար մարդ: