Չինաստանում անցնող տարվա հիերոգլիֆ են դարձել «համաճարակը» եւ «ժողովուրդը»: Այս մասին վկայում են երկուշաբթի հրապարակված ամենամյա ինտերնետ քվեարկության արդյունքները, որը կազմակերպվել է ՉԺՀ լեզվական ռեսուրսների ուսումնասիրման եւ մոնիթորինգի պետական կենտրոնի աջակցությամբ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Ժողովուրդը» տարվա հիերոգլիֆ է ճանաչվել ներքին թեմատիկայով: Ինչպես նշվում է քվեարկության արդյունքներով հրապարակված փաստաթղթում՝ անցնող տարում Չինաստանի քաղաքացիներն օգնել են միմյանց, համատեղ պայքարել համաճարակի դեմ, պահպանել անվտանգության միջոցները, կրել պաշտպանիչ դիմակներ եւ դուրս չեն եկել փողոց՝ հանուն հանրային առողջության պահպանման:
«Համաճարակը» տարվա հիերոգլիֆ է ճանաչվել միջազգային թեմատիկայով: 2020 թվականին համաշխարհային իրավիճակը չափազանց փոփոխական է եղել՝ կարծիք են հայտնել փորձագետները: Նոր տեսակի կորոնավիրուսի համաճարակն անսպասելիորեն տարածվեց ամբողջ աշխարհում՝ խախտելով կյանքի սովորական ռիթմը:
Ներքին թեմատիկայով տարվա արտահայտություն է ճանաչվել «աղքատության դեմ պայքարը»:
Տարվա հիերոգլիֆի եւ արտահայտության համար քվեարկությունն անցկացվում է 2006 թվականից: Անցած տարի ներքին թեմատիկայով հիերոգլիֆ է դարձել «կայունությունը»: Փորձագետները դա կապում են չինական տնտեսության կայուն ցուցանիշների, ինչպես նաեւ ՉԺՀ 70-ամյակի տոնակատարության հետ: 2019-ի միջազգային թեմատիկայով հիերոգլիֆ է ճանաչվել «դժվարությունը»՝ կապված աշխարհում տեղի ունեցող փոփոխությունների, բազմաթիվ ճգնաժամների եւ հակասությունների հետ:




























