Դեկտեմբերի 23-ին Հայաստանում կայացավ չինարենի դասախոսներին եւ չինարեն սովորող ուսանողներին ՉԺՀ դեսպանատան դրամաշնորհների հանձնման պաշտոնական արարողությունը:

Դրամաշնորհներ ստացան 35 դափնեկիրներ, այդ թվում՝ Հայաստանի բուհերի դասախոսներ եւ ուսանողներ, ինչպես նաեւ Հայաստանի դպրոցների աշակերտներ:

Հայաստանում ՉԺՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆան Յունը՝ նշելով միջոցառման անցկացման կարեւորությունն ու երաշխագիտություն հայտնելով բոլոր մասնակիցներին ու կազմակերպիչներին, նկատեց, որ հայ-չինական հարաբերությունները հին պատմություն ունեն:

Նրա խոսքով՝ հազարամյակներ անց երկու ժողովուրդների համար սկսվել է հարաբերությունների նոր դարաշրջան, բարելավվում է Հայաստանում չինարենի ուսուցման մակարդակը, մեծանում է հետաքրքրությունը լեզվի հանդեպ:

«Այսօր Հայաստանում չինարեն է սովորում 2800 մարդ, լեզվի ուսուցմամբ են զբաղվում ավելի քան 20 ուսուցիչներ եւ կամավորներ: Չնայած կորոնավիրուսի հետ կապված դժվարություններին՝ 2020 թվականին Հայաստանում չինարենի հանդեպ հետաքրքրությունը չի մարել, ինչը մեր կողմից ողջունվում է: Հայաստանն ու Չինաստանը միասին պայքարել են կորոնավիրուսի դեմ, ինչը ցույց է տալիս մեր սերտ կապը»,-նշեց Ֆան Յունը:

Դեսպանը վստահություն հայտնեց, որ կորոնավիրուսի հաղթահարումից հետո երկու ժողովուրդների համար նոր հնարավորություններ կբացվեն:   

«Հայաստանն առաջիններից է արձագանքել «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծի շրջանակում համագործակցության կոչին: Երկու ժողովուրդների համար լավ հեռանկարներ են ստեղծվել համագործակցության հետագա զարգացման համար: Կարծում եմ՝ չինարենի դասախոսները եւ չինարեն սովորող ուսանողները կարեւոր կամուրջ կհանդիսանան առկա ներուժն իրականացնելու համար եւ իրենց ներդրումը կունենան երկու պետությունների եւ ժողովուրդների միջեւ հարաբերությունների զարգացման գործում»,-ընդգծեց նա:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության արտաքին կապերի եւ սփյուռքի վարչության պետ Արկադի Պապոյանը, իր հերթին, հայտարարեց, որ Չինաստանի հետ հարաբերությունների զարգացումը երկրի համար ռազմավարական ուղղություններից մեկն է: «Վերջին տարիներին իրականացվող համատեղ ծրագրերը, այդ թվում կրթության, գիտության եւ մշակույթի ոլորտներում, դրա վառ ապացույցն են»,-հավելեց նա: