ԱՄՆ պատմության մեջ անցնող տարին կլինի ամենամահաբերը. ընդհանուր առմամբ մահացել է 3 մլն մարդուց ավելի՝ զգալիորեն շարունակվող կորոնավիրուսային համավարակի պատճառով, փոխանցում է The National Interest-ը:

Նախնական տվյալներով՝ ԱՄՆ-ում սպասվում է մեկ տարում ավելի քան 3,2 մլն մահ, ինչը նվազագույնը 400 հազարով ավելի է, քան գրանցվել է 2019 թվականին:

Մահացության մակարդակի 15 տոկոսով աճը տոկոսային արտահայտությամբ տարեկան ամենամեծ աճն է 1918 թվականից ի վեր, երբ տասնյակ հազարավոր ամերիկացի զինվորներ էին զոհվել Առաջին աշխարհամարտի ժամանակ եւ հարյուր հազարավորները՝ գրիպի համավարակի պատճառով: 1917 թվականի համեմատությամբ այս տարի մահերի թիվը աճել է 46 տոկոսով:

Անցյալ տարի Միացյալ Նահանգներում գրանցվել էր 854 838 մահ, ինչը գրեթե 16 հազարով ավելի էր, քան 2018 թվականին: CDC տվյալներով՝ 2019 թվականին մահացության մակարդակը տարիքային շտկմամբ նվազել էր շուրջ 1 տոկոսով, իսկ ակնկալվող կյանքի տեւողությունն աճել էր շուրջ 6 շաբաթով՝ հասնելով մինչեւ 78,8  տարվա: Այս տարի, սակայն, ամենայն հավանականությամբ, այլ պատկեր կլինի, քանի որ կյանքի տեւողությունը կարող է կտրուկ կրճատվել ամբողջ 3 տարով:

Կորոնավիրուսի համավարակը դարձել է այս տարի ԱՄՆ-ում մահվան դեպքերի հիմնական պատճառը: Ջոն Հոփքինսի համալսարանի վերջին տվյալներով՝ երկրում արդեն գրանցվել է վարակման 18,3 մլն եւ մահվան 325 000 դեպք: