2020 թվականի ճգնաժամի ֆոնին դրված է ԵՏՄ մակարդակով որոշակի «Մարշալի» միկրոծրագրի մշակման հրատապ խնդիր Հայաստանի հնարավորությունները հավասարեցնելու նպատակով` հաշվի առնելով, որ այս տարի Միության առաջնահերթությունը երկրների միջեւ համագործակցությունն է եւ երրորդ շուկաներ դուրս գալը: Այս մասին հունվարի 29-ին Երեւան-Մոսկվա տեսակամուրջի ժամանակ ասաց տնտեսագետ Աշոտ Թավադյանը:

Նրա խոսքով՝ եվրասիական ինտեգրման շրջանակում էներգապաշարների գների վերաբերյալ հստակ մեխանիզմի մշակման, ինչպես նաեւ դրամավարկային քաղաքականության համաձայնեցման հրատապ հարցեր են դրված:

«Հանուն սոցիալական արդարության» կուսակցության ղեկավար Արման Ղուկասյանն իր հերթին հավելեց, որ ճգնաժամից դուրս գալու համար Հայաստանը բացարձակապես նոր մոտեցումների կարիք ունի:

Նա հիշեցրեց, որ սկզբնապես 2020 թվականի համար կանխատեսվում էր 4,8 տոկոս տնտեսական աճ, սակայն վերջերս էկոնոմիկայի նախարարը հայտարարեց, որ անկումը կկազմի 8,5 տոկոս (անկում ինչպես արտահանման, այնպես էլ ներմուծման ոլորտում):

«Իհարկե, համաճարակն ու պատերազմը Արցախում լուրջ հարված հասցրին երկրի տնտեսությանը, բայց իշխանությունները չկարողացան մշակել արդյունավետ հակաճգնաժամային քաղաքականություն, որի արդյունքում մինչ այժմ զգացվում են բացասական հետեւանքներ: Միեւնույն ժամանակ, Հայաստանը պատրաստվում է պետական ​​պարտքը մեծացնել՝ հասցնելով 8 միլիարդ դոլարի: Տնտեսության զարգացումը չի կարող իմիտացիոն լինել, ինչպես եղել է 2,5 տարի, այլ պետք է ներկայացվեն հատուկ ծրագրեր եւ կոնկրետ քայլեր: Հայաստանի տնտեսության առողջացման գործում լուրջ դեր կարող է ունենալ նաեւ Եվրասիական տնտեսական միությունը»,- հավելեց նա:

Ինչ վերաբերում է տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, ապա Ղուկասյանը կոչ արեց նախքան որոշումներ ընդունելը, մանրամասն ուսումնասիրել բոլոր ռիսկերը: