Կորոնավիրուսի համավարակի ընթացքում ամբողջ աշխարհում մարդիկ ավելի ակտիվ են սկսել օգտվել ավտոմեքենաներով եւ ավելի հաճախ են մտածում սեփական ավտոմեքենան ձեռք բերելու մասին: Այդ մասին վկայում են Capgemini ընկերության իրականացրած սոցիոլոգիական հետազոտության արդյունքները, հաղորդում է DW-ը:
Հարցմանը մասնակցել է 11 հազար մարդ ամբողջ աշխարհում: Ընդ որում՝ հարցվածների 87 տոկոսը նշել է, որ գերադասում է օգտվել սեփական տրանսպորտային միջոցով, որպեսզի անվտանգ զգա ուղեւորության ժամանակ: Նախքան համավարակն այդ թիվը կազմել է 57 տոկոս:
Հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ ամբողջ աշխարհում հարցվածների 78 տոկոսը գերադասում է սեփական տրանսպորտային միջոցը հանրային տրանսպորտին: Համեմատության համար նշվում է, որ Գերմանիայում այդ պնդման հետ համաձայնել է հարցվածների 74 տոկոսը:
Միեւնույն ժամանակ COVID-19 համավարակի ֆոնին ամբողջ աշխարհում սպառողների շրջանում մեծացել է առաջիկայում սեփական ավտոմեքենան ձեռք բերելու ցանկությունը: 2020 թվականի ապրիլից աշխարհում այդպիսի մտադրություն ունեցող հարցվողների թիվն աճել է՝ 35 տոկոսից հասնելով 46-ի, իսկ Գերմանիայում՝ 25 տոկոսից հասնելով 39-ի:
Ընդ որում՝ մեքենա գնելու մտադրության մասին հայտնածների շուրջ կեսը խոստովանել է, որ անցած տարվա համեմատ կրճատել են իրենց պահանջները եւ պատրաստ են գնել ավելի համեստ համալրմամբ կոմպակտ մոդելներ:
Հարցումն անցկացվել է 2020 թվականին երեք անգամ՝ ապրիլին, հոկտեմբերին եւ նոյեմբերին: Ընդ որում՝ ամեն անգամ դրան մասնակցել է 11 հազար մարդ Գերմանիայից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Իտալիայից, Իսպանիայից, Նիդերլանդներից, Նորվեգիայից, ԱՄՆ-ից, Չինաստանից եւ Հնդկաստանից: Այդ երկրների շուկաներում 2019 թվականին վաճառվել է ամբողջ աշխարհում ավտոմեքենաների 62 տոկոսը:




























