Ըստ վերջին գնահատման, COVID-19-ի դեմ բոլոր պատվաստանյութերի կեսից ավելին ամրագրված է աշխարհի բնակչության միայն մեկ յոթերորդի համար: Հաղորդվում է, որ միայն Մեծ Բրիտանիան է բավարար պատվաստանյութեր ստացել, որպեսզի իր յուրաքանչյուր քաղաքացուն հինգ դոզա տրամադրի: Եթե մատակարարումները կատարվեն, ԵՄ-ն եւ ԱՄՆ-ը կարող են երեք անգամ պատվաստել իրենց բնակչությանը, իսկ Կանադան կունենա այնքան պատվաստանյութ, որ կկարողանա ինն անգամ անել դա, գրում է National Interest-ը:
Միաժամանակ, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) ավելի հարուստ երկրներին կոչ է արել մտածել ավելի աղքատների վիճակի մասին եւ աջակցել Covax-ին՝ միջազգային պատվաստանյութերը աշխարհում տարածելու նախաձեռնությանը: Բայց չնայած, որ երկրների մեծ մասն արդեն գրանցվել է, նախաձեռնությունը դանդաղ է ընթանում, իսկ դրա պաշարները սահմանափակ են:
2021 թվականին Covax-ը նախատեսում է 1,8 միլիարդ դոզա պատվաստանյութ մատակարարել չափանիշներին համապատասխանող 92 երկրների, ինչը բավարար է նրանց բնակչության միայն 27%-ին ներգրավելու համար: Միեւնույն ժամանակ, պատվաստանյութերի մատակարարման համար մրցակցությունը կարող է հանգեցնել գների աճի եւ հետագա հակամարտության: ԵՄ-ի, Մեծ Բրիտանիայի եւ AstraZeneca-ի միջեւ լարվածությունն արդեն սրվել է պատվաստանյութերի անբավարարության պատճառով: Ցանկացած իրավիճակում, երբ մատակարարումները սահմանափակ են, իսկ պահանջարկը աճում է, առավել շատ կտուժեն աղքատ երկրները:
Վերջին 15 տարվա ընթացքում երկու անգամ աշխարհը համադրելի ճգնաժամեր է ապրել: Երկու դեպքերն էլ հիշեցնում են մեզ, որ ազգերը հազվադեպ են գործում իրենց շահերից բացի այլ դրդապատճառներով: Բայց դրանք նաեւ հիշեցնում են երկրներին, որ պատվաստանյութերի մշակման եւ բաշխման արդար ու համագործակցային մոտեցումներից շատ բան կարելի է շահել: Շահադիտական «պատվաստանյութային ազգայնականությունը» երկարաժամկետ հեռանկարում հազվադեպ է օգուտ տալիս:
2009 թ. H1N1 (խոզի գրիպ) վիրուսը մի այնպիսի պայքարի պատճառ դարձավ, որը ապշելու աստիճան նման էր այժմյանին: Քանի որ գրիպի սեզոնային պատվաստանյութերը, ըստ երեւույթին, պաշտպանություն չեն ապահովում, մի քանի բարձր եկամուտ ունեցող երկրներ արագորեն անցան դեղագործական ընկերություններից H1N1 պատվաստանյութերի նախնական պատվերների:
Նույնիսկ մինչ ԱՀԿ-ն 2009-ի հունիսին համավարակ կհայտարարեր, ԱՄՆ-ը պատվերներ էր կատարել ավելի քան 600 միլիոն դոզայի համար, ինչը համարժեք է աշխարհում արտադրվածի 30% - 60%-ին: Ի վերջո, H1N1-ը անհետացավ: Այնուամենայնիվ, միայն երբ ամենավատն արդեն ետեւում էր, մի շարք հարուստ երկրներ, ներառյալ Միացյալ Նահանգները, իրենց պահուստների մի մասը առաջարկեցին փոքր երկրներին:
Բայց այսօր, ինչպես այն ժամանակ, ոչ բոլորն են ցանկանում համերաշխությունը առաջնահերթ համարել՝ COVID-19-ի համատեքստում պատվաստանյութերի ազգայնականությունն ունի իր պաշտպանները: Նրա կողմնակիցները պնդում են, որ «ինտերնացիոնալ մրցավազքի զգացումը․․․ արագացրել է առաջընթացը, ոչ թե խանգարել դրան», որ «առանց արեւմտյան նաու-հաուի եւ հարստության պատվաստանյութ չէր լինի», եւ որ, օրինակ, Բրիտանիան «արժանի է առաջնահերթ ուշադրության», նա տառապել է ինչպես բնակչության մեկ շնչի հաշվով մահվան ամենաբարձր ցուցանիշից, այնպես էլ COVID-ի պատճառով աշխարհում ամենամեծ տնտեսական անկումից»:
Նման փաստարկների սահմանափակվածությունը դժվար է տեսնել: Բացի հարուստ երկրների խորը անբարոյականությունից, որոնք պատվաստում են իրենց ամբողջ բնակչությանը այլ երկրների խոցելի համայնքների հաշվին, այս մասշտաբով սեփական շահը անտեսում է հարուստ երկրների վրա պատվաստումների տարածման դրական ազդեցությունը: RAND ընկերության գնահատականով՝ պատվաստանյութերին անհավասար հասանելիությունը, ինչը նշանակում է ֆիզիկական հեռավորության անընդհատ անհրաժեշտություն աշխարհի մեծ մասում, կարող է համաշխարհային տնտեսության համար տարեկան 1,2 տրիլիոն դոլար արժենալ:
Պատվաստանյութերի արդյունավետ մշակումը նաեւ անպայման պահանջում է, որ գիտելիքները եւ ապրանքները փոխանցվեն սահմաններից դուրս: Սրան նույնպես կարող է սպառնալ ազգայնականությունը:
2006թ., երբ աշխարհը բախվեց H5N1 գրիպի (թռչնագրիպի) դեմ պատվաստանյութեր մշակելու հրատապ անհրաժեշտությանը, Ինդոնեզիան, պայքարելով աշխարհում մահացածների ամենաբարձր ցուցանիշի դեմ, դադարեցրեց վիրուսի նմուշներ տրամադրել ԱՀԿ-ին: Դրան հաջորդեց համընդհանուր դատապարտումը: Ասում էին, թե Ինդոնեզիան մտադիր է ֆինանսական շահույթ ստանալ։
Բայց Ինդոնեզիայի գործողությունների դրդապատճառը փողը չէր: Նա համոզված էր, որ միջազգային խաղացողներին չի կարելի վստահել աշխարհի առավել խոցելի երկրների շահերի պաշտպանությունը: Այս անվստահությունը բխում էր նրանից, որ Ինդոնեզիայում գիտնականների կողմից հավաքված եւ ԱՀԿ-ին արդեն փոխանցված վիրուսային նյութերը առանց այդ երկրի թույլտվության պատվաստանյութեր մշակելու համար օգտագործվում էին ԱՀԿ-ի հետ կապ չունեցող ձեռնարկությունների կողմից՝ քայլ, որը հակասում է ԱՀԿ սկզբունքներին:
Տագնապալի է նաեւ, որ ԱՀԿ-ն ի վիճակի չէ համոզել ավելի աղքատ երկրներին, ինչպիսին է Ինդոնեզիան, որ նրանք կարող են մասնակցել վիրուսի դեմ պայքարի տեխնոլոգիայի մշակմանը` հիմնվելով իրենց տրամադրած նմուշների վրա:
Այսօր COVID-19-ի դեմ պատվաստանյութեր կուտակելու հարուստ երկրների ձգտումը բացահայտել է այդ զարգացումների սահմանափակ ուժը: Պատվաստանյութերը, ինչպիսին է AstraZeneca-ինը, հիմնված են միջին եկամուտ ունեցող երկրների, օրինակ, Բրազիլիայի եւ Հարավային Աֆրիկայի տվյալների վրա: Նոր շտամերի ի հայտ գալու հետ մեկտեղ ինչ կարող է պատահել, եթե Ինդոնեզիայի նման երկրները ստիպված լինեն արգելափակել տվյալների հոսքը:
Անցյալը մեզ ցույց է տալիս, որ գուցե անիրատեսական է ցանկացած ազգի կողմից ալտրուիստական գործողություն ակնկալելը: Բայց գլոբալ մտահոգություն առաջացնող հիվանդությունների պայմաններում կառավարությունները պետք է հիշեն, որ բոլոր երկրները շահագրգռված են արդարության եւ համագործակցության վրա հիմնված սկզբունքային արձագանքման միջոցների մեջ: Երբ երկրները դադարում են ուրիշներին, ինչպես եւ իրենց, օգնելու մեջ օգուտ տեսնել, բոլորը պարտվում են:




























