Տեխասում անբարենպաստ եղանակի հետեւանքներն ինքնուրույն հաղթահարել խորհուրդ տված Կոլորադո Սիթիի քաղաքապետ Թիմ Բոյդը հրաժարական է տվել, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով NBC-ին:

«Ոչ ոք ոչինչ պարտական չէ ձեզ կամ ձեր ընտանիքին, դա նաեւ տեղական իշխանությունների պարտավորությունը չէ»,-գրել է նա Ֆեյսբուքի իր էջում:

Արդեն նախկին քաղաքապետի կարծիքով՝ ցուրտ եղանակից բողոքող բնակիչները ծույլ են, նրանք սովորել են, որ իրենց մասին ինչ-որ մեկը պետք է հոգ տանի: NBC-ի հաղորդմամբ՝ դրանից հետո Բոյդը հեռացրել է գրառումները սոցցանցից:

Նրա արձագանքը Կոլորադո Սիթիի՝ էլեկտրականությունից եւ ջրամատակարարումից զրկված բնակիչների՝ օգնության մասին բազմաթիվ կոչերին դժգոհություն է առաջացրել քաղաքացիների մոտ: Դրանից հետո նա ստիպված է եղել հրաժարական տալ: Հետագա մեկնաբանություններից նա խուսափել է:

Վերջին տվյալներով՝ ձնաբքի հետեւանքով Տեխասի մոտ 3,2 մլն բնակիչ մնում է առանց էլեկտրամատակարարման, ավելի քան 260 հազար մարդ զրկվել է ջրից: Ընդ որում, նահանգի տարածքի զգալի հատվածում պահպանվում է այդ տեղանքի համար անոմալ ցուրտ եղանակը: Չորեքշաբթի չեղարկվել է գրեթե 2,3 հազար ներքին եւ միջազգային չվերթ: Հատկապես բարդ իրավիճակ է Տեխասի, Միսիսիպիի եւ Կենտուկիի օդանավակայաններում: