Հայաստանի նախկին նախագահը չի նախատեսում ստեղծել սեփական կուսակցություն: Այս մասին հինգշաբթի՝ մարտի 4-ին, ռուսական լրատվամիջոցների համար մամուլի ասուլիսում ասաց Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, հաղորդում է «Sputnik- Արմենիան»: 

«Ես չեմ ընկալվում որպես կուսակցության առաջնորդ: Հավանաբար, քաղաքական կուսակցություն չեմ ստեղծի, չնայած չեմ բացառում այդ տարբերակը: Հավանաբար, կլինեն քաղաքական կուսակցություններ, որոնք կհամագործակցեն ինձ հետ հնարավոր ընտրություններում»,- ասաց Քոչարյանը:

Որպես օրինակ նա բերեց իր նախագահության տարիները՝ հիշեցնելով, որ այդ ժամանակ խորհրդարանում կոալիցիա էր գործում, որի օրոք երկիրը զգալի տնտեսական հաջողությունների հասավ:

Ինչ վերաբերում է ընդդիմության ներկայիս բողոքի ակցիաներին, նա իր համակիրներին կոչ արեց ներգրավվել այս գործընթացին: