Ելիզավետա II-ին նվիրել են երկու կորգի ձագ, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով The Sun-ին:
Շների հստակ տարիքը, դրանց սեռը, անունները կամ այլ տվյալներ չեն հաղորդվում:
«Թագուհին հիացած է: Հնարավոր չէ պատկերացնել թագուհուն առանց գեթ մեկ կորգիի: Դա ինչպես Լոնդոնի թաուերն առանց ագռավների: Շները թագուհու հետ են ընդամենը մի քանի շաբաթ, սակայն, ինչպես հաղորդվում է, դրանց համար պալատը տան նման է դարձել: Ասում են՝ դրանք պալատ են բերել շատ աղմուկ եւ էներգիա, քանի դեռ արքայազն Ֆիլիպը հիվանդանոցում է»,-պարբերականը մեջբերում է աղբյուրի խոսքերը:
Իր առաջին շունն ապագա թագուհին նվեր էր ստացել հորից՝ թագավոր Ջորջ VI-ից (1895-1952) 18-ամյակի առթիվ: Այդ օրվանից Ելիզավետան նախապատվությունը տալիս է այդ ցեղատեսակին, ընդ որում՝ նրա բոլոր շներն առաջին շան՝ Սյուզենի ժառանգներն են եղել: Սակայն The Sun-ը գրում է, որ ներկայիս շներն, ըստ ամենայնի, Սյուզենի հետ արյունակցական կապ չունեն:
2015 թվականին հայտնի էր դարձել, որ երկրի ղեկավարը որոշել է այլեւս չպահել նոր շներ: Այդ ժամանակ բրիտանական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ Ելիզավետա II-ը չէր ցանկանում, որ իր մահից հետո շները մնան առանց տիրոջ: Վերջին թագավորական կորգին՝ քաղցկեղով հիվանդ 15-ամյա Ուիլոուն, քնեցվել էր Վինդզորների պալատում 2018 թվականին, իսկ անցած տարվա դեկտեմբերից, երբ Վուլկանը սատկել էր, թագուհուն մնացել էր միայն մեկ շուն՝ դարձյալ կորգի՝ Քանդի անունով:




























