Միջազգային օլիմպիական կոմիտեի գործադիր կոմիտեն չի ճանաչել Բելառուսի Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահի ընտրությունների արդյունքները, հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ հղում անելով ՄՕԿ-ի մամուլի ծառայությանը:
«ՄՕԿ-ի գործադիր կոմիտեն այսօր ժամանակավոր պատժամիջոցներ է սահմանել Բելառուսի ԱՕԿ-ի դեմ: Մասնավորապես՝ չի ճանաչել Վիկտոր Լուկաշենկոյի ընտրվելը Բելառուսի ԱՕԿ նոր նախագահի, ինչպես նաեւ Դմիտրի Բասկովի ընտրվելը Բելառուսի ԱՕԿ գործադիր կոմիտեի անդամի պաշտոնում»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նաեւ երկարացվել է Բելառուսի ԱՕԿ-ի հեռացումը եւ դրա բացառումը ՄՕԿ-ի հովանու ներքո անցկացվող բոլոր միջոցառումների մասնակիցների ցուցակից:
Վիկտոր Լուկաշենկոն՝ Բելառուսի Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի որդին, ով մինչ այժմ զբաղեցնում էր Ազգային օլիմպիական կոմիտեի առաջին փոխնախագահի պաշտոնը, փետրվարի 26-ին Օլիմպիական ժողովի կողմից ընտրվել է ԱՕԿ նախագահ:
2019-ի ապրիլից նա կատարում էր ԱՕԿ-ի առաջին փոխնախագահի պարտականությունները, իսկ նույն տարվա նոյեմբերին Օլիմպիական ժողովի կողմից ընտրվել էր այս պաշտոնում:
1997-ի մայիսից ԱՕԿ-ի նախագահը Ալեքսանդր Լուկաշենկոն էր:



























