Ուորեն Բաֆեթի կարողությունը հասել է 100,3 միլիարդ դոլարի՝ շնորհիվ իր Berkshire Hathaway հոլդինգի բաժնետոմսերի կտրուկ աճի: Այս մասին վկայում են Forbes ամսագրում հինգշաբթի հրապարակված տվյալները, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Այդպիսով, Բաֆեթը ներառվել է միլիարդատերերի հնգյակում, որոնց կարողությունը գերազանցում է 100 մլրդ դոլարը: Վարկանիշի առաջին տեղում է ամերիկյան Amazon կորպորացիայի ղեկավար Ջեֆ Բեզոսը 179,6 միլիարդ դոլար կարողությամբ: Մոտ 14 միլիարդ դոլար է նրան առանձնացնում ամերիկացի ձեռնարկատեր, Tesla-ի սեփականատեր Իլոնը Մասկից: Նրան հաջորդում են LVMH (Louis Vuitton Moet Hennessy) ընկերությունների խմբի նախագահ Բեռնար Առնոն եւ Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը: Նրանց կարողությունը գնահատվում է համապատասխանաբար 160,2 միլիարդ դոլար եւ 125,6 միլիարդ դոլար:
Անցած օգոստոսին Բաֆեթը դարձել է 90 տարեկան: Վերջին տասնամյակների ընթացքում նա աշխարհի երեք ամենահարուստ մարդկանցից մեկն էր, բայց 2019-ին նա իջավ վարկանիշի չորրորդ հորիզոնական `67,5 միլիարդ դոլար կարողությամբ: 2006-2019 թվականներին Բաֆեթը ավելի քան 34,5 միլիարդ դոլար է փոխանցել տարբեր հիմնադրամների: 2010-ի հունիսին Գեյթսի հետ միասին նա նախաձեռնել է բարեգործական արշավ, որի շրջանակում նրանք միլիարդատերերին կոչ են արել իրենց կարողության կեսից ավելին նվիրաբերել բարեգործական նպատակով:
1965 թվականին Բաֆեթը ձեռք է բերել սնանկության շեմին կանգնած Berkshire Hathaway գործվածքի ձեռնարկության բաժնեմասերի վերահսկիչ փաթեթը եւ այն վերածել հոլդինգի:




























