Լիբանանի փլուզումը կանխելու ժամանակը սպառվում է, եւ չկան նշաններ, որ երկրի քաղաքական գործիչներն անում են հնարավոր ամեն ինչ, որպեսզի փրկեն նրան: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը, հայտնում է Reuters-ը:
Ֆրանսիան գլխավորում է 1975-1990 թվականների քաղաքացիական պատերազմից ի վեր ամենախորը ճգնաժամից իր նախկին պրոտեկտորատը փրկելու միջազգային ջանքերը` փորձելով օգտագործել Փարիզի պատմական ազդեցությունը, որպեսզի համոզի քաղաքական գործիչներին ընդունել բարեփոխումների ծրագիր եւ ձեւավորել նոր կառավարություն` միջազգային օգնություն ստանալու համար։
«Ինձ մոտ գայթակղություն է առաջանում լիբանանցի քաղաքական գործիչներին անվանել մեղավորներ այն բանում, որ նրանք չեն օգնում վտանգի մեջ գտնվող երկրին»,- ասել է Ժան-Իվ Լե Դրիանը: «Նրանք բոլորը պարտավորվել են գործել հանուն ներառական կառավարության ստեղծման եւ հայտարարել են անհրաժեշտ բարեփոխումներ իրականացնելուն իրենց հավատարմության մասին: Անցել է 7 ամիս, եւ ոչինչ չի փոխվում: Կարծում եմ՝ դեռ շատ ուշ չէ, բայց փլուզմանը շատ չի մնացել»:
Նշանակված վարչապետ Սաադ Ալ-Հարիրին հակամարտության մեջ է նախագահ Միշել Աունի հետ եւ անցած հոկտեմբերից չի կարողանում նոր կառավարություն ձեւավորել:
Ցուցարարների խմբերը ամեն օր անվադողեր են վառում՝ փակելով ճանապարհները այն ժամանակներից, երբ լիբանանյան արժույթն ընկել է նոր նվազագույն մակարդակի՝ ուժեղացնելով Լիբանանի ֆինանսական փլուզման հետ կապված հասարակության դժգոհությունը:
«Լիբանանի իշխանությունները պետք է իրենց ձեռքը վերցնեն իրենց ճակատագիրը»,- ասել է Լե Դրիանը: «Այսօր գործելու ժամանակ դեռ կա, բայց վաղը արդեն շատ ուշ կլինի»:





























