Christie's աճուրդում 69,35 միլիոն դոլարով վաճառել են ժամանակակից նկարիչ Beeple-ի թվային նկարը՝ փոխադարձաբար միմյանց չլրացնող թոքենի (NFT) տեսքով՝ բլոքչեյնում յուրօրինակ գրառում, որը հաստատում է վիրտուալ ակտիվի սեփականության իրավունքը։ Վերջին 20 րոպեի ընթացքում նկարի գինն աճել է ավելի քան երկուսուկես անգամ: Գործարքի արդյունքում Beeple-ը դարձել է աշխարհի երեք ողջ ամենաթանկ նկարիչներից մեկը, նշել է Christie's-ը:

NFT նկարի գինը ռեկորդային է դարձել աշխարհում: Նախորդ առավելագույնը կազմել է 6,6 միլիոն դոլար, որը փետրվարի վերջին ներդրողը վճարել էր Beeple-ի թոքենի տեսքով մեկ այլ աշխատանքի համար` 10 վայրկյան տեւողությամբ տեսահոլովակ, նշել է Forbes-ը: Վաճառողն այն ժամանակ Մայամիի արվեստի կոլեկցիոներ Պաբլո Ռոդրիգես-Ֆրեյլն է եղել: Նա տեսահոլովակի համար 2020 թվականի հոկտեմբերին 67000 դոլարով թոքեն էր գնել․ մի քանի ամսվա ընթացքում ակտիվի արժեքը բարձրացել էր 100 անգամ:

Այս անգամ աճուրդում վաճառել են «Ամեն օր․ առաջին 5000 օրը»( Everydays: The First 5000 Days) անվանումով նկարը: Այն աճուրդի էր դրվել փետրվարի 16-ին: Նկարը բաղկացած է 5000 նկարներից՝ Beeple-ը դրանք մեկական նկարել է 5000 օրվա ընթացքում` սկսած 2007 թվականի մայիսից: Նկարում Beeple-ը համատեղել է «վերացական, ֆանտաստիկ, գրոտեսկային եւ անհեթեթ» նկարներ, մատնանշում է Cristie’s-ը: Նկարիչն արտացոլել է «հասարակության մոլուցքը եւ տեխնոլոգիաների հանդեպ վախը, հարստության ցանկությունն ու մերժումը եւ Ամերիկայում վերջերս տեղի ունեցած քաղաքական ցնցումները»,- ասվում է աճուրդի տան կայքում, գրում է Forbes-ը:

Beeple-ի իսկական անունը Մայք Վինքելման է: Նրա Instagram-ի հաշիվն ունի 1,9 միլիոն հետեւորդ, համագործակցել է այնպիսի ապրանքանիշերի հետ, ինչպիսիք են Louis Vuitton-ը եւ Nike-ը, ինչպես նաեւ երգիչ Childish Gambino-ի եւ երգչուհի Քեթի Փերիի հետ:

Փոխադարձաբար միմյանց չլրացնող թոքենները թվային ակտիվների համար իրավունք գնելու եւ վաճառելու զարգացող տեխնոլոգիա է: Գնման մասին տեղեկատվությունը պահվում է բլոքչեյնում եւ պարունակում է հազվագյուտ թվային ստորագրություն, որը հաստատում է ակտիվի սեփականության իրավունքը: