COVID-19 հիվանդության դեմ աշխարհում դեղորայք եւ ախտորոշիչ միջոցների հասանելիությունն ապահովելու գործով ACT-Accelerator միջազգային գործընկերությունն ունի 22,1 մլրդ դոլարի չափով ֆինանսավորման կարիք: Այդ մասին ուրբաթ հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գործադիր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյսուսը եւ կոչ արել միջազգային հանրությանը հատկացնել անհրաժեշտ միջոցները, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«ACT-Accelerator-ին խոստացվել է 11 մլրդ դոլար, սակայն մենք դեռեւս ունենք 22,1 մլրդ դոլարի չափով ֆինանսավորման բաց»,-ասել է նա: «Որքան երկար է պահպանվում այդ բացը, այնքան բարդ է դա հասկանալ»,-ընդգծել է գործադիր տնօրենը՝ հիշեցնելով, որ Արժույթի միջազգային հիմնադրամի գնահատումների համաձայն՝ բարձր եկամուտներ ունեցող երկրներն արդեն ուղղել են 13 տրիլիոն դոլար համավարակի ընթացքում տնտեսությունը խթանելու համար: «Մենք կոչ ենք անում երկրներին ամբողջովին ֆինանսավորել ACT-Accelerator գործընկերությունը, որը լավագույն ներդրումն է համաշխարհային վերականգնման համար»,-փաստել է ԱՀԿ ղեկավարը:

Ներկայում համավարակի դեմ պայքարի հիմնական դժվարությունների շրջանում Գեբրեյսուսն անվանել է կորոնավիրուսի նոր տեսակների հայտնվելը, պատվաստանյութերի մատակարարման սահմանափակումները, նոր ախտորոշիչ միջոցների դանդաղ ներդրումը, ինչպես նաեւ COVID-19-ի հակազդման այդ գործիքների մատակարարման ֆինանսավորումն ապահովող ֆոնդերի պակասը: Նա հիշեցրել է, որ ACT-Accelerator, գործընկերությունը, որի մասն է COVAX մեխանիզմը, իրենից ներկայացնում է «պատվաստանյութերի, ախտորոշիչ եւ թերապեւտիկ միջոցների հավասար բաշխման միջազգային շարժիչ»: