Բացառվում է տարբերակը, որ խորհրդարան կգնա միայն Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունը, որոշում կընդունի ամբողջ «Հայաստան» դաշինքը։ Այս մասին հուլիսի 6-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է կուսակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Նրա խոսքով՝ որոշումը կկայացվի համատեղ, ելնելով պայքարի հաջողության տրամաբանությունից։ «Եթե մենք գանք եզրակացության, որ վերցնելով այդ մանդատները՝ կընդլայնենք մեր պայքարը, ապա կգնանք այդ ճանապարհով։ Հիմա մենք հակված ենք այն բանին, որպեսզի գնանք խորհրդարան, բայց վերջնական որոշման մասին կհայտարարենք  Սահմանադրական դատարանի վճռից հետո»,- նշել է Սաղաթելյանը։

Նա ընդգծել է նաեւ փողոցային պայքարի կարեւորությունը, բայց այս պահին այն, նրա խոսքով, անարդյունավետ կլիներ, այդ պատճառով էլ դիմել են Սահմանադրական դատարան։