Հայաստանում լայն տարածում ստացած կաթիլային ոռոգումն օգտագործվում է անարդյունավետ եւ ոչ տեղին։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հուլիսի 9-ին ասել է շրջակա միջավայրի նախկին նախարար, ՀՀ Գիտությունների Ազգային ակադեմիայի Երկրաբանության ինստիտուտի տնօրենի խորհրդական Սարգիս Շահազիզյանը։
Նրա խոսքով՝ բոլոր բույսերը չէ, որ կարելի է ջրել կաթիլային եղանակով։
«Դրանցից յուրաքանչյուրը, կախված արմատի կառուցվածքից, պահանջում է որոշակի մոտեցում։ Այսպես, ինչ-որ տեղ ավելի շատ ջուր է պետք, ինչ-որ տեղ՝ ավելի քիչ»,- ասել է Շահազիզյանը։
Ընդ որում՝ նա ավելացրել է, որ կաթիլային ոռոգման վրա երբեմն չարդարացված շատ փող ու ջուր է ծախսվում։
Նա նաեւ ընդգծել է, որ Հայաստանին անհրաժեշտ է որքան հնարավոր է շատ ջուր հավաքել ջրամբարներում՝ լուծելու համար ջրային պաշարների խնդիրը։
Միեւնույն ժամանակ, հիդրոկենսաբան, երկրաբանական գիտությունների թեկնածու, ՀՀ Գիտությունների Ազգային ակադեմիայի Երկրաբանության ԳՀԻ գիտքարտուղար Հրաչյա Շահինյանը նշել է, որ եթե այսուհետ եւս այսպես շարունակվի, ապա Հայաստանը կհայտնվի լրջագույն խնդրի առջեւ եւ չի կարողանա ջուր մղել անգամ պոմպերով։
«Մեր ջրային պաշարները ձեւավորվում են մի քանի տարվա ընթացքում, եւ դրանք մեծ քանակությամբ օգտագործելը՝ չհամալրելով, կնշանակի հույսը դնել երջանիկ պատահականության վրա»,- ասել է գիտնականը։
Շահինյանի խոսքով, եթե մի քանի տարի առաջ հանրապետության որոշ բնակավայրերում խմելու ջրի խնդիր չկար, ապա այսօր այնտեղ ջուր տալիս են օրը 2-3 ժամ։





























