Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը վերջերս կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթելուց հետո պետք է փորձի իր գործընկերներին ապացուցել, որ արդեն սկսել է իր իշխանության ուղղահայացը պարզելու գործընթացը: Այս մասին հուլիսի 9-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը:

Փորձագետի կարծիքով՝ որպես կանոն, հեղափոխական ձախողված գործընթացներից հետո ներկայիս կառավարությունն ակտիվորեն դիմում է տարբեր տեսակի ռեպրեսիվ մեխանիզմների կիրառմանը:

«Դա երկար չի ձգվում: Այժմ մենք ականատես ենք այդ ռեպրեսիվ գործընթացներին, որոնք տարածվում են ինչպես համայնքների ղեկավարների, այնպես էլ ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Գրիգորի Խաչատուրովի վրա»,- ասաց Հակոբյանը՝ հավելելով, որ դա արվում է ոչ այնքան համակարգի արդյունավետության համար, որքան հանուն քաղաքական թիմի:

Փաշինյանը, քաղտեխնոլոգի կարծիքով, փորձում է իր թիմի անդամներին վճռականություն, «պատժիչ գործողությունների» գնալու պատրաստակամություն ցույց տալ, ինչն էլ նրա գործընկերներն ակնկալում էին իրենից: