Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 22-ի նիստում սահմանել է քաղաքացիական կացության ակտերի գրանցման հետ կապված լրացուցիչ ծառայությունների ցանկը և դրանց դիմաց գանձվող վճարներ չափը:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ օրենքի շրջանակներում քաղաքացիական կացության ակտերի գրանցման հետ կապված ծառայությունների համար սահմանվել են հստակ ժամկետներ: Միաժամանակ, Օրենքին զուգահեռ մշակվել և ընդունվել է նաև «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքը, որի համաձայն՝ քաղաքացիական կացության ակտերի գրանցման ոլորտում մատուցվող որոշ ծառայությունների դիմած պետական տուրքը հանվել է, իսկ որոշ ծառայությունների համար նվազեցվել է:
Հիմք ընդունելով վերոնշյալը՝ անհրաժեշտություն է առաջացել մշակել «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման հետ կապված լրացուցիչ ծառայությունների ցանկը և դրանց դիմաց գանձվող վճարների չափը սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագիծ:
Նախագծի ընդունմամբ կապահովվի Օրենքով սահմանված դրույթների համապատասխան պահանջի կատարումը, որի արդյունքում՝ կսահմանվեն քաղաքացիական կացության ակտերի գրանցման հետ կապված մի շարք լրացուցիչ ծառայությունների կատարման հստակ ժամկետներ և դիմաց գանձվող վճարների չափը: Նշված փոփոխությունների արդյունքում հնարավոր կլինի նաև կրճատել քաղաքացիական կացության ակտը վերականգնելու ժամկետները՝ համապատասխան չափով վճարի գանձման դեպքում:





























