Վենետիկի հանձնաժողովի ստեղծման 20-ամյակի կապակցությամբ՝ հունիսի 5-ին Վենետիկում հանդիսավոր արարողություն կկայանա։ Արարողությանը հրավիրված են կովկասյան երեք հանրապետությունների նախագահներ` Սերժ Սարգսյանը, Իլհամ Ալիեւը եւ Միխայիլ Սահակաշվիլին։ Հանդիպմանը կմասնակցեն նաեւ Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թորբերն Յագլանդը, ԵԽԽՎ նախագահ Մեւլութ Չավուօղլուն, պաշտոնատար այլ անձիք։
Վենետիկի հանձնաժողովի աշխատանքի կարեւոր կետը Թուրքիայում սահմանադրական բարեփոխումներ իրականացնելն է։ Հանձնաժողովը ստանձնած պարտավորությունների համար ողջունել է թուրքական իշխանություներին։ Այս մասին մայիսի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջանի Բուկիկիոն, հայտնում է NEWS.am-ի Ստրասբուրգի թղթակիցը։
Հանձնաժողովը ակտիվ աշխատանքներ է իրականացնում նաեւ Ղրղզստանում, որտեղ վերջերս տեղի ունեցած հեղաշրջումից հետո ժամանակավոր կառավարությունը Սամանադրության նոր նախագիծ է մշակում։ Ջանի Բուկիկիոն հայտարարել է, որ Կենտրոնական Ասիայի երկրների հետ համագործակցությունն իրենց համար առաջնային է։
Վենետիկի հանձնաժողովը Եվրոպայի Խորհրդին կից խորհրդատվական մարմին է։ Այն նպաստում է անդամ-պետություններում մարդու իրավունքների, ժողովրդավարության եւ օրինականության արմատավորմանը։




























