Մայիսի 10-ին հայաստանցի նախկին բազկամարտիկ Վահան Աճեմյանը Լոս Անջելեսի դաշնային դատարանի կողմից մեղավոր է ճանաչվել մարդ առեւանգելու, ծեծի ենթարկելու եւ 1 միլիոն դոլար փրկագին պահանջելու համար:

Ինչպես հաղորդում է «Ասոշիեյթեդ պրես»-ը, 42-ամյա Աճեմյանը ընդունել է իր մեղքը եւ խոստովանել, որ առեւանգել է Սանդրո Կարմրյանին, ծեծի ենթարկել, տանջել, օրերով անազատության մեջ պահել` նրա ընտանիքից պահանջելով 1 միլիոն դոլար փրկագին: Նախկին մարզիկը վստահեցրել է, թե իր գործողությունները անհրաժեշտ էին, քանի որ Կարմրյանը իր դեմ մահափորձ էր ծրագրել` ինչ-ինչ ֆինանսական մեքենայություններից իր տեղյակ լինելու համար: Կարմրյանը ազատ էր արձակվել ոստիկանների օգնությամբ` կիսամեռ վիճակում:

Հիշեցնենք, որ Վահան Աճեմյանը 1980-ականներին եղել է բազկամարտի Հայաստանի եւ Խորհրդային Միության չեմպիոն: Նրա ընկերը` Գալվին Գիբսոնը եւս մեղավոր է ճանաչվել առեւանգման փաստով: Գործով առաջին դատավարությունը անցած տարի ընդհատվել էր` դատական գործընթացում տեղ գտած խախտումների պատճառով:

San Francisco Chronicle պարբերականի փոխանցմամբ` հայազգի նախկին մարզիկին մեղսագրվող հանցագործության համար Կալիֆորնիայում սահմանված խստագույն պատիժը ցմահ ազատազրկումն է: Սպասվում է, որ դատավճիռը կհրապարակվի օգոստոսի 2-ին: