ԱՄՆ փոխպետքարտուղարի եվրոպական եւ եվրասիական հարցերով օգնական Թինա Կայդանովը մեկօրյա այցով կայցելի Ադրբեջան: Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական Trend գործակալությունը, Կայդանովը կհանդիպի Ադրբեջանի կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչների եւ հասարակության ներկայացուցիչների հետ:

Հաղորդվում է, որ այցի ընթացքում դեսպան Կայդանովը քննարկելու է ամերիկա-ադրբեջանական հարաբերությունները՝ ընդհանուր հետաքրքրությունների լայն շրջանակի համատեքստում:

«Միացյալ Նահանգներն Ադրբեջանին կարեւոր գործընկեր են համարում: Մեր շահերը հատվում են բազում ոլորտներում, սկսած Հարավային միջանցքի նավթագազային նախագծերում էներգետիկ անվտանգության ամրապնդման աշխատանքներից, վերջացրած ահաբեկչության եւ ծայրահեղականության դեմ պայքարով: Մենք բարձր ենք գնահատում Ադրբեջանի դերը տարածաշրջանային եւ գլոբալ անվտանգության գործում, Կոսովոյից Իրաք եւ Աֆղանստան»,- ասել է նա: